Վրաստանի կառավարության նորաստեղծ «Կենտրոնական գնումների մարմինը» 47.3 միլիոն լարիով կգնի 2026 թվականի արտադրության 595 նոր ավտոմեքենա։ Այս տեղեկությունը տարածել է bpn.ge-ն` կցելով տենդերային փաստաթղթերը։
Մասնավորապես, գերատեսչությունը տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով հայտարարել է 5 տենդեր, որոնցով նախատեսում է տարբեր տեսակի ավտոմեքենաներ գնել մի քանի պետական հաստատությունների համար։
Ըստ փաստաթղթերի` կառավարությունը գնելու է մասնագիտացված ավտոմեքենաներ, հիբրիդային ավտոմեքենաներ և բարձր անցանելիության հիբրիդային ավտոմեքենաներ։
Նշված է, որ «Կենտրոնական գնումների մարմինը» տրանսպորտային միջոցների ձեռքբերումը նախատեսում է Սննդի ազգային գործակալության, Եկամուտների ծառայության, Անտառային ազգային գործակալության, Մելիորացիայի (հողաբարելավման ծառայության), Պետական պահպանության ծառայության և Ֆինանսների նախարարության քննչական ծառայության համար։
Ավելի կոնկրետ, մի քանի մասով հայտարարված պետական գնումների համաձայն՝ կառավարությունը կգնի.
27 մլն 571 հազար 695 լարիով — 305 մասնագիտացված ավտոմեքենա,
7 մլն 947 հազար 800 լարիով — III դասի թեթև մարդատար, բարձր անցանելիության, լիարժեք հիբրիդային 98 ավտոմեքենա,
9 մլն 218 հազար 40 լարիով — III դասի թեթև մարդատար, լիարժեք հիբրիդային 156 ավտոմեքենա,
2 մլն 319 հազար 900 լարիով — II դասի թեթև մարդատար, լիարժեք հիբրիդային 33 ավտոմեքենա,
270 հազար 576 լարիով — II դասի թեթև մարդատար, 3 էլեկտրական ավտոմեքենա։
Ըստ տեխնիկական առաջադրանքի՝ պահանջվում է, որ գնվող ավտոմեքենաները լինեն 2026 թվականի արտադրության։