«Մենք որոշում ենք կայացրել ինչպես մանկապարտեզների, այնպես էլ դպրոցների համար մշակել տիպային նախագծեր, ինչը կխնայի նախագծման համար նախատեսված միջոցները, նաև կարևոր քայլ կլինի կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ»,- հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանում տարեկան հաշվետվությամբ հանդես գալու ժամանակ։
Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ կավարտվեն շուրջ 60 մանկապարտեզի կառուցումն ու վերականգնումը։ Ընթացքի մեջ են 100 դպրոցի շինարարական և վերականգնողական աշխատանքները, որոնց ընդհանուր բյուջեն գերազանցում է 400 միլիոն լարին։
«Այժմ ընթանում է մանկապարտեզների 5 տարբեր տարողությունների տիպային նախագծերի մշակումը։ Շինարարական և վերականգնողական աշխատանքներ են իրականացվում 80 մանկապարտեզում, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 200 միլիոն լարի։ Մինչև տարեվերջ կավարտվեն շուրջ 60 մանկապարտեզի կառուցումն ու վերականգնումը։ Արդեն հայտարարվել է կամ մինչև տարեվերջ կհայտարարվի ևս 50-ից ավելի մանկապարտեզների շինարարության կամ վերականգնման տենդեր։
Ինչ վերաբերում է դպրոցների շինարարությանն ու վերականգնմանը, ապա ժամանակին այս ուղղությամբ լուրջ խնդիրներ կային Կրթության նախարարությունում։ Գործում էր համապատասխան հանրային իրավունքի իրավաբանական անձը՝ ESIDA-ն (Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը), որտեղ թերություններ կային, և, ի վերջո, մենք որոշում կայացրինք այդ բաղադրիչը տեղափոխել Ենթակառուցվածքների նախարարություն։ Դա որոշակի ժամանակ խլեց, եղան որոշակի ուշացումներ, սակայն ամենակարևորն այն է, որ համակարգը վերանայվել է, և այժմ արդեն արագ տեմպերով կապահովվի դպրոցական ենթակառուցվածքների զարգացումը։ Այստեղ ևս ընթանում է տիպային նախագծերի մշակում 10 տարբեր չափսերի դպրոցների համար։ Այս պահին ընթացքի մեջ են 100 դպրոցի շինարարական և վերականգնողական աշխատանքները, որոնց ընդհանուր բյուջեն ավելի քան 400 միլիոն լարի է։ Հայտարարված է կամ մինչև տարեվերջ կհայտարարվի ևս 100 դպրոցի տենդեր, որոնցից 70-ը վերականգնում է, իսկ 30-ը՝ նոր դպրոցի շինարարություն։ Հաջորդ տարի նախատեսում ենք շինարարական-վերականգնողական աշխատանքներ սկսել 200 դպրոցում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։