ՀՀ կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։
Հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Թամազաշվիլիի այցը Հայաստան և կարևորել Հայաստանի ու Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանն էապես նպաստում են նաև նման փոխայցելությունները և բարձրաստիճան ակտիվ շփումները։
«Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը, մասնավորապես, հանցավորության, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև ներքին անվտանգության մակարդակի էլ ավելի բարձրացման գործում։
Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ դրանք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։