Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ հորդառատ տեղումներ մայրաքաղաքի մեծ մասում գրանցվել են հուլիսի 20-ի գիշերային ժամերից մինչև հուլիսի 21-ի առավոտ, ինչն առանձին թաղամասերում առաջացրել է փողոցների հեղեղումներ և քաղաքային ենթակառուցվածքների ժամանակավոր գերբեռնվածություն։
Գործակալությունը գրել է, որ օդերևութաբանական դիտարկումների համաձայն՝ տեղումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի հարակից տարածքում, որտեղ մոտ 8 ժամվա ընթացքում տեղացել է 110 մմ տեղում, ինչը Թբիլիսիի համար հուլիս ամսվա ռեկորդային ցուցանիշ է։
Ընդամենը մեկ ժամում՝ հուլիսի 20-ի 23:00-ից մինչև հուլիսի 21-ի 00:00-ն, գրանցվել է 54.5 մմ տեղում, ինչը Թբիլիսիի համար հուլիս ամսվա կլիմայական նորման գերազանցում է մոտ 30%-ով։
Տարբեր օդերևութաբանական կայանների տվյալներով՝ տեղումների քանակը բաշխվել է հետևյալ կերպ․
Տաբախմելա՝ 25.07 մմ
Վաշլիջվարի՝ 55.8 մմ
Բագեբի՝ 75.2 մմ
Սուխումիի համալսարան՝ 69.1 մմ
Մուխաթծղարո՝ 87.3 մմ
Մցխեթա՝ 1.5 մմ
Աղմաշենեբելիի պողոտա՝ 95.1 մմ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության պարզաբանմամբ՝ տեղումները քաղաքի տարածքում անհամաչափ են բաշխվել, ինչը բնորոշ է կոնվեկտիվ գործընթացներին։ Ամենահորդառատ անձրևը գրանցվել է մայրաքաղաքի արևմտյան և կենտրոնական հատվածների մի շարք թաղամասերում։
Գործակալության գնահատմամբ՝ օրվա ընթացքում մակերևութային օդի ինտենսիվ տաքացումը, ատմոսֆերայի ստորին շերտերում խոնավության բարձր պարունակությունը և վերին շերտեր համեմատաբար ցուրտ օդի ներթափանցումը ստեղծել են ատմոսֆերայի ուժեղ անկայունություն, ինչի հետևանքով արագորեն ձևավորվել են հզոր կոնվեկտիվ ամպեր և փոքր տարածքի վրա կարճ ժամանակահատվածում առաջացրել ինտենսիվ տեղումներ։
Մոտ 7-8 ժամվա ընթացքում մայրաքաղաքում տեղացել է ամսական միջին նորմայից 1.5 անգամ, իսկ առանձին թաղամասերում՝ 2.5 անգամ ավելի տեղում, ինչը դարձել է ջրհեղեղների, փողոցների ողողման և քաղաքային ենթակառուցվածքների գերբեռնվածության գլխավոր պատճառներից մեկը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նաև նշել է, որ կլիմայի փոփոխության ֆոնին ավելանում է ինչպես էքստրեմալ տեղումների հաճախականությունը, այնպես էլ դրանց ինտենսիվությունը։ Համապատասխանաբար, ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ կարճ ժամանակում տեղում է մեծ քանակությամբ անձրև, ինչը մեծացնում է հանկարծակի հեղեղումների և այլ հիդրոօդերևութաբանական երևույթների զարգացման ռիսկը։