Վերջին մեկ ամսում՝ հունիսի 29-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, Վրաստանում գրանցվել է մոտ 16․8 հազար ավտոմեքենա` ըստ Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության թարմացվող տվյալների։
Արդյունքում, այսօրվա դրությամբ երկրում գրանցված ավտոմեքենաների քանակը գերազանցել է 2․086 միլիոն միավորը։
Նշված վիճակագրության դիտարկումը ցույց է տալիս, որ վերջին մեկ ամսում Վրաստանում օրական գրանցվող ավտոմեքենաների քանակն աճել է։
Ավելի կոնկրետ, փետրվարին (նախորդ ամիսների համեմատ) օրական գրանցվող ավտոմեքենաների թիվը միջինում 600-ից նվազել էր 350-ի, մարտին նորից աճել էր մինչև միջինում 500, ապրիլին նվազել էր մինչև 460, իսկ մայիսին՝ 420, հունիսին աճել էր մինչև 520, իսկ հուլիսին գերազանցել է 640-ը։
Մասնավորապես, պաշտոնական տվյալներով, եթե մինչ այդ (նախորդ տարվա ընթացքում) ամսական միջինում 16 հազար մեքենա էր գրանցվում, փետրվարին այս ցուցանիշը նվազել էր մինչև միջինում 9000, մարտին նորից աճել էր մինչև 12 հազար 600, ապրիլին նվազել մինչև 12 հազար, իսկ մայիսին՝ 11 հազար, հունիսին նորից աճել մինչև 13 հազար 500, իսկ հուլիսին՝ 16 հազար 800։
Ուշագրավ է նաև, որ ավտոմեքենաների մի որոշ մասը հետագայում կարող է արտահանվել (վերաարտահանվել)։
Ծառայությունների գործակալության տվյալներով՝ երկրում արդեն տրամադրվել է 1 մլն 716 հազար 338 վարորդական իրավունքի վկայական։