Գերմանիայի միջազգային հանրային հեռարձակողը՝ Deutsche Welle-ն (DW), 2026 թվականի օգոստոսի 3-ից վրացալեզու լրատվական ծառայություն է բացել։ Առայժմ` միայն «Ինստագրամ»-ում՝ DW Kartuli: Տարածված տեղեկության համաձայն՝ ավելի ուշ նախատեսվում է նախագծի ընդլայնում նաև այլ հարթակներում։
Ըստ հաղորդագրության` DW-ի վրացական ծառայությունը կլուսաբանի «բազմազան նորություններ Վրաստանից, Եվրոպայից և աշխարհի տարբեր ծայրերից»։
Սա «Եվրոպական տեղեկատվական վահան նախաձեռնություն» (European Information Shield Initiative) կազմակերպության նախագիծն է, որը ղեկավարում են DW-ն և FMM-ը։
«Եվրամիության աջակցությամբ նախագիծը նպատակ ունի ամրապնդելու անկախ լրատվությունը և պայքարելու ապատեղեկատվության դեմ ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջաններում», — նշված է հայտարարության մեջ։
DW-ի փոխանցմամբ՝ նախագծի աշխատանքը նախնական փուլում ապահովված է 18 ամիս ժամկետով։