Էկոնոմիկայի նախարարության համակարգում չեղարկվել է 2422 հաստիքային միավոր

Ընթացիկ տարում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության համակարգից, մասնավորապես՝ տարբեր պետական ընկերություններից, հանրային իրավունքի իրավաբանական անձանցից (ՀԻԻԱ) և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից (ՍՊԸ) ազատված աշխատակիցներին որպես փոխհատուցում տրամադրվել է 8 մլն 588 հազար 737.18 լարի։

Նշված տեղեկությունը BMG-ն (Business Media Georgia) գրավոր հարցմամբ ստացել է Էկոնոմիկայի նախարարությունից։

Չնայած BMG-ի հարցերին՝ գերատեսչությունում չեն հստակեցրել, թե քանի մարդ է ազատվել աշխատանքից, սակայն, ինչպես նշված է գրավոր պատասխանում, ընդհանուր առմամբ չեղարկվել է 2422 հաստիքային միավոր։ Մեծ հավանականությամբ, նույնքան աշխատակից ազատվել է աշխատանքից։

Հաստիքների օպտիմալացման նպատակով էներգետիկ ձեռնարկություններից կրճատվել է 979 հաստիքային միավոր, «Վրացական երկաթուղուց»՝ 1100 հաստիքային միավոր, իսկ հանրային իրավունքի իրավաբանական անձանցից (ՀԻԻԱ) և այլ ընկերություններից՝ 343 հաստիքային միավոր, ինչն ընդհանուր առմամբ կազմում է 2422 հաստիք։