Մեկ ամսում գյուղատնտեսական գրանցամատյանում գրանցվել է 833 նոր սուբյեկտ

Գյուղի զարգացման գործակալության տվյալներով՝ հուլիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆերմերային տնտեսությունների և գյուղական ձեռնարկությունների ռեեստրում գրանցվել է 833 սուբյեկտ։ Նրանցից 460-ը` ֆիզիկական, իսկ 374-ն իրավաբանական անձինք են։

Գործակալության փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածում գրանցված գյուղատնտեսական հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 6777 հեկտար։

Ֆերմերային տնտեսությունների և գյուղական ձեռնարկությունների ռեեստրը վարում է Գյուղի զարգացման գործակալությունը, որի հիմնական նպատակը ֆերմերային տնտեսությունների ու ագրոբիզնեսի վերաբերյալ միասնական տվյալների բազայի ստեղծումն է։ Նշված ռեեստրում գրանցվելը նաև Գյուղի զարգացման գործակալության պետական ծրագրերին մասնակցելու պարտադիր նախապայմաններից է։

Գործակալությայն պարզաբանմամբ` ռեեստրում գրանցումը հնարավոր է ինչպես Թբիլիսիում՝ Գյուղի զարգացման գործակալությունում (Դևի Աբաշիձեի #10ա), այնպես էլ մարզերում՝ համայնքներում գործող տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններում։

Ագրոհամաֆինանսավորման պետական ծրագիրը, որի պարտադիր պայմանը ռեեստրում գրանցվելն է, գործարկվել է 2026 թվականի հուլիսի 1-ին։ Թարմացված ծրագիրը պետական համաֆինանսավորումը հավաքում է մեկ միասնական շրջանակում և միաժամանակ խստացնում է նախագծերի կատարման, մոնիտորինգի, աուդիտի ու հաշվառման պահանջները։

Ծրագրի շրջանակներում Գյուղի զարգացման գործակալությունը շահառուների համար նախատեսված վարկի տոկոսադրույքը կֆինանսավորի Վրաստանի ազգային բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով (ներկայումս՝ 8.25%)՝ առավելագույնը 12 ամիս ժամկետով։ Ընդ որում, վարկի տարեկան տոկոսադրույքը չպետք է գերազանցի 18%-ը։