Հուլիսի 30-ին Վրաստանի Ազգային գնահատման և քննությունների կենտրոնը հրապարակեց միասնական ազգային քննությունների մի շարք առարկաների, այդ թվում՝ «Ընդհանուր ունակությունների» արդյունքները։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է վերոնշյալ քննությունը հանձնած և անցողիկ շեմը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ․ վերջիններս ներկայացրել են իրենց նախնական սպասելիքները, հանդիպած դժվարությունները և ապագա պլանները:
Դիմորդները նշել են, որ քննական շրջանը թեև լարված էր ու հոգնեցուցիչ, սակայն իրենք պատասխանատվորեն են մոտեցել գործընթացին՝ վստահ լինելով սեփական գիտելիքների վրա:
Ծալկայի շրջանի Աշխալա գյուղից դիմորդ Էռնա Բուլիկյանը պատմեց, որ այս հաջողությանը հասնելու համար պահանջվել է հետևողական աշխատանք, համբերություն և մեծ պատասխանատվություն: Նա քննությանը պատրաստվել է մասնավոր ուսուցիչների մոտ՝ մաթեմատիկա և տրամաբանություն առարկաներից, խորացնելով և ամրապնդելով իր գիտելիքները:
«Հույս ունեի հաջողությամբ հաղթահարել քննությունը, և արդյունքն ամբողջությամբ արդարացրեց սպասելիքներս։ Ինչ վերաբերում է այս տարվա համալսարանական փոփոխություններին, ապա դրանք էական ազդեցություն չեն ունեցել որոշմանս վրա, և ես չեմ վախեցել դժվարություններից։ Իմ կարծիքով, թեստերը միջին բարդության էին, և լավ պատրաստվելու դեպքում հնարավոր էր հաղթահարել դրանք», — ասաց Էռնան:
Քննական շեմը Էռնան հաղթահարել է 55 միավորով: Նա ուսումը շարունակելու է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում. թեև մասնագիտության հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն այս պահին ամենից շատ հակված է իրավագիտության ֆակուլտետին:

Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից դիմորդ Հովիկ Ղարիբյանը պատմեց, որ նախաքննական շրջանը դժվար չի անցել, քանի որ շատ լավ է պատրաստված եղել:
«Սպասելիքներս արդարացան, թեև մի փոքր ավելիին էի սպասում՝ մոտ 2-3 միավորով: Անցած տարիների քննական թեստերի համեմատ դժվարության տարբերությունը շատ աննշան էր։ Ինչ վերաբերում է փոփոխություններին, դրանք այդքան մեծ ազդեցություն չեն թողել ինձ վրա, բայց իմանալով, որ մրցակցությունը շատ մեծ է լինելու, ավելի լավ պատրաստվելու լրացուցիչ մոտիվացիա ստացա», — պատմեց Հովիկը:
Քննական շեմը Հովիկը հաղթահարել է բավականին բարձր արդյունքով՝ 80 հնարավորից հավաքելով 69 միավոր: Նա ուսումը շարունակելու է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում:

Ծալկայի շրջանի գյուղ Նարդևանից դիմորդ Գալինա Թամարյանը պատմեց, որ քննություններին պատրաստվել սկսել է դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից՝ առանց ավելորդ լարվածության, հանգիստ ու դանդաղ տեմպերով:
«Քննությունը հանձնելուց հետո սպասում էի միջինից բարձր բալերի։ Չնայած սկզբում շատ լարված էի, սակայն վստահ էի, որ լավ արդյունք կունենամ, և այդպես էլ եղավ։ 2026 թվականի թեստերը հեշտ էին։ Նախապես որոշել էի, որ ընդունվելու եմ Իլիայի պետական համալսարան, սակայն այնտեղ չէի կարող ընտրել իմ ուզած մասնագիտությունը, և բախտի բերմամբ, թե պատահմամբ ընտրեցի Թբիլիսիի պետական համալսարանը», — ասաց Գալինան:
Քննական շեմը Գալինան հաղթահարել է՝ հավաքելով 63 միավոր: Նա ուսումը շարունակելու է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում (ԹՊՀ). արդեն ընտրել է նաև ապագա մասնագիտությունը՝ դառնալու է իրավաբան:

Մառնեուլիի շրջանի Խոժոռնի գյուղից դիմորդ Շավարշ Ղարիբյանը պատմեց, որ նախաքննական շրջանում ողջ նյութը յուրացնելուց հետո արդեն վստահ էր, որ ամեն ինչ լավ է լինելու:
«Սպասելիքներս արդարացան ճիշտ այնպես, ինչպես նախատեսել էի։ Համեմատած անցած տարվա թեստերի՝ այս տարի ինձ համար ավելի հեշտ էր տրամաբանության բաժինը, քան մաթեմատիկայի, բայց միևնույն է, շատ հեշտությամբ և առանց լարվելու հանձնեցի քննությունը», — պատմեց Շավարշը:
Քննական շեմը Շավարշը հաղթահարել է 80 հնարավորից հավաքելով 63 միավոր: Նա ուսումը շարունակելու է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում (ԹՊՀ). կոնկրետ մասնագիտություն դեռ չի ընտրել, սակայն նշեց, որ այդ ուղղությամբ մտածելու համար դեռ ժամանակ ունի:

Ծալկայի շրջանի գյուղ Ղզլքիլիսայից Օֆելյա Սարկիսյանը պատմեց, որ նախաքննական շրջանը բավականին զբաղված է անցել, քանի որ այդ ընթացքում ԱՄՆ-ում էր՝ FLEX ծրագրով, և ժամային տարբերության ու դպրոցի պատճառով դժվար էր ամեն ինչ համատեղելը: Վրաստան վերադառնալուց հետո՝ հունիսից, սկսել է ավելի լուրջ և ինտենսիվ պատրաստվել:
«Անցած տարիների թեստերով աշխատելիս բարձր միավորներ էի հավաքում, հետևաբար այս տարվա համար նույնպես մեծ սպասելիքներ ունեի՝ 60-ից բարձր։ Քննության ընթացքում տրամաբանության բաժինը դժվար թվաց, սակայն հետո հասկացա, որ հարցերն ընդհանուր առմամբ բավականին հեշտ էին նախորդ տարիների համեմատ», — պատմեց Օֆելյան:
Քննական շեմն Օֆելյան հաղթահարել է 80 հնարավորից հավաքելով 69 միավոր: Նա ուսումը շարունակելու է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում (ԹՊՀ) և ընտրել է իրավագիտության ուղղությունը:

Հիշեցնենք, Վրաստանի կառավարության որոշմամբ, 2026-2027 ուսումնական տարվա կրթական ծրագրերի համաձայն՝ պետական համալսարաններ ընդունված ուսանողների թվի փոփոխություններ են կատարվել։
Եթե նախկինում բակալավրիատի և այլ կրթական ծրագրերի համար նախատեսված տեղերի թիվը 21 հազար 300 էր, ապա թարմացված թիվը 21 հազար 574 է։
Փոխվել է նաև համալսարաններում ուսուցանվող ծրագրերի ցուցակը. մանրամասները կարդացեք այստեղ։
Այս իրավիճակն առավել սուր է զգացվում տարածաշրջանների ուսանողների համար, քանի որ տեղական բուհերում ծրագրերի ընտրությունը սահմանափակվում է միայն ագրարային կամ կրթական ուղղություններով, ինչը նրանց ստիպում է տեղափոխվել խոշոր քաղաքներ և կրել կեցության հավելյալ ծախսեր։ Հատկապես խնդրահարույց է վիճակը ոչ վրացալեզու դիմորդների և էթնիկ փոքրամասնությունների համար, որին «Ալիք Մեդիա Վրաստան»-ը անդրադարձել էր ավելի վաղ։
«1+4» ծրագիրը կշարունակվի մինչև 2030-2031 ուսումնական տարին ներառյալ
«1+4»-ի դիմորդները՝ տպավորությունների, դժվարությունների և ակնկալիքների մասին