Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայում հետախուզվող երկու անձի։
Ըստ Ներքին գործերի նախարարության հրապարակած հաղորդագրության` հետախուզվողները ձերբակալվել են հրազենի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրման, նաև սահմանի անօրինական հատման մեղադրանքով։
«Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայում հետախուզվող 2 անձի՝ հրազենի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրման, նաև սահմանի անօրինական հատման մեղադրանքով։
Մեղադրյալների անձնական և ժամանակավոր բնակելի բնակարանների խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են հրազեն և զինամթերք, այդ թվում՝ 5 ատրճանակ և 129 փամփուշտ։ Հաստատվել է, որ երկու ձերբակալվածներն էլ հետախուզվում էին տարբեր ծանր հանցագործությունների համար։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 236-րդ և 344-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 11 տարի ազատազրկում», — ասված է Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։