Վրաստանում սկսնակ վարորդների համար փորձաշրջան կսահմանվի

2026-2030 թվականների Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության և դրա գործողությունների ծրագրում նշված է, որ Վրաստանում սկսնակ վարորդների համար փորձաշրջան կսահմանվի։

Նշված ծրագիրը կառավարությունը հաստատել է մի քանի օր առաջ, որի նպատակը ճանապարհներին տիրող իրավիճակի բարելավումն է ու միջազգային ստանդարտների ներդրումը։

Ըստ փաստաթղթի` ծրագիրը նախատեսում է մինչև 2030 թվականը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների և զոհվածների թվի նվազեցում 25%-ով։

Կառավարության հաստատած փաստաթղթի համաձայն՝ Վրաստանում սկսնակ վարորդների համար նախատեսվում է հատուկ փորձաշրջանի ներդրում։ Այդ փորձաշրջանի ընթացքում սկսնակ վարորդների նկատմամբ կգործեն արձագանքման ավելի խիստ մեխանիզմներ, ինչը կնպաստի նրանց վարքագծի շտկմանը։

«Ելնելով այն իրողությունից, որ Վրաստանում սկսնակ վարորդները ճանապարհային անվտանգության տեսանկյունից բարձր ռիսկային խումբ են ներկայացնում, նախատեսվում է նրանց համար հատուկ փորձաշրջանի ներդրում։

Նշված ժամանակահատվածում նախատեսվում է երթևեկության կանոնների խախտումների դեպքում սկսնակ վարորդների նկատմամբ տարբերակված և ավելի խիստ իրավական արձագանքման մեխանիզմների կիրառում, դրանց թվում՝ ֆինանսական պատժամիջոցների խստացման և վարորդական իրավունքի վկայականի միավորների ավելի մեծ քանակով հանման միջոցով։

Նման մոտեցումը կնպաստի սկսնակ վարորդների վարքագծի շտկմանը, պատասխանատվության բարձր ստանդարտի ձևավորմանը և, ի վերջո, նրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը», — նշված է փաստաթղթում։

Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի 2026-2030 թվականների ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության իրականացման միջանկյալ և վերջնական գնահատումը կհամակարգի Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը` ապահովելով անհրաժեշտ տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը։

Գնահատման միջանկյալ հաշվետվությունը կմշակվի 2029 թվականին (օրացուցային տարվա հունիս ամսից ոչ ուշ), իսկ վերջնական հաշվետվությունը՝ 2031 թվականին (օրացուցային տարվա հունիս ամսից ոչ ուշ)։

Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության 2026-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացման մոտավոր արժեքը կազմում է 98 մլն 923 հազար 578 լարի։