Դպրոցական համազգեստներն արդեն Վրաստանում են

Վրաստանի կրթության նախարարության «Կրթական ռեսուրսներ» ընկերության տեղեկացմամբ՝ դպրոցական համազգեստներն արդեն Վրաստանում են։

Ընկերության փոխանցմամբ՝ առաջին փուլում մատակարարված քանակը լիովին կապահովի ամբողջ երկրի տարածքում առաջին դասարանցիներին դպրոցական համազգեստների տրամադրումը։

«Այս փուլում ընթանում է համազգեստների պահեստավորումը, իսկ առաջիկա օրերին կսկսվի դրանց մատակարարումը խոշոր քաղաքներին և տարածաշրջաններին։ Առաջիկայում հանրությանը հայտնի կդառնա, թե որտեղ կբացվեն դպրոցական համազգեստների վաճառքի կետերը քաղաքներում ու շրջաններում։ Առաջին դասարանցիների դպրոցական համազգեստների վաճառքն ամբողջ երկրի տարածքում կիրականացվի սեպտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ II-VI դասարանցիների դպրոցական համազգեստների ստացումը Վրաստանում կիրականացվի երկու փուլով՝ հոկտեմբերի 15-ին և նոյեմբերի 30-ին», — նշված է «Կրթական ռեսուրսներ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Կրթության նախարարությունից bm.ge-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ դեռևս ճշգրիտ չգիտեն, թե կոնկրետ որ վայրերից ծնողները կկարողանան ձեռք բերել դպրոցական համազգեստներ տարրական դասարանցիների համար։

Օգոստոսի 9-ին նախարար Գիվի Միքանաձեն տարածել էր տեսաուղերձ, որտեղ մանրամասն խոսել էր այն մասին, թե ինչու անհրաժեշտ դարձան համազգեստները, որքան կարժենան, երբ տեղի կունենա մատակարարումը, և որ լաբորատորիաների փորձարկումն են անցել, բայց ոչինչ չէր ասել այն մասին, թե ծնողները կոնկրետ որտեղից կարող են գնել դրանք։

Նախարարությունից հայտնել են, որ այս փուլում ստեղծվում է կայք, որի միջոցով ծնողները կկարողանան համազգեստ գնել նաև առցանց, իսկ կոնկրետ վայրերից գնումների համար ճշգրիտ տեղակայումները դեռևս ճշտվում են և հայտնի կդառնան օգոստոսի վերջին։