Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հաղորդագրության համաձայն՝ Կոբախիձեն վարչապետ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության վերականգնման 35-ամյակի առթիվ և բարեկամ հայ ժողովրդին մաղթել խաղաղություն, կայունություն ու բարօրություն։
«Իրակլի Կոբախիձեն հայ գործընկերոջը շնորհավորել է նաև ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման համար։
Հանդիպմանը կրկին ընդգծվել է Վրաստանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում հաջողված համագործակցությունը և շեշտվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որը զգալի արդյունքներով է արտահայտվում առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և ժողովուրդների միջև հարաբերությունների տեսանկյունից։
Կողմերը խոսել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակի մասին և վերահաստատել պատրաստակամությունը՝ առավելագույնս նպաստելու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությունը։
Հանդիպմանը, որը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցել են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իրակլի Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև X սոցիալական ցանցում։ Նրա խոսքով՝ հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստան-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին։
«Նյու Յորքում հնարավորություն ունեցա հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպմանը խոսեցինք Վրաստան-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին և մեկ անգամ ևս հաստատեցինք մեր ընդհանուր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և բարօրության ապահովման նկատմամբ»,- գրել է Կոբախիձեն։