Թբիլիսիի քաղաքապետարանի Տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալությունը 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար հանրային դպրոցների աշակերտների տրանսպորտային փոխադրման ծառայությունների ձեռքբերման նպատակով մրցույթ է հայտարարել։
Գնման նախահաշվային արժեքը 3 մլն 479 հազար 444 լարի է։ Հայտերի ընդունումը կսկսվի սեպտեմբերի 9-ին և կավարտվի սեպտեմբերի 14-ին։
Մրցույթում հաղթած ընկերությունն առաջին կիսամյակի ընթացքում ապահովելու է այն դպրոցների աշակերտների տրանսպորտային փոխադրումը, որոնք վերանորոգվում են կամ կառուցվում։ Տրանսպորտով կապահովվեն նաև այն աշակերտները, որոնց բնակության վայրից մոտակա դպրոցը գտնվում է 2 կմ հեռավորության վրա, և տրանսպորտային հասանելիությունը խնդրահարույց է։
«Ենթածրագրում դպրոցը/աշակերտն ընդգրկվում է այն դեպքում, եթե աշակերտի բնակության հասցեից կամ հավաքատեղիից (առկայության դեպքում) մոտակա դպրոցը գտնվում է առնվազն 2 կմ հեռավորության վրա, և որտեղ համայնքային տրանսպորտ չի գործում կամ երթևեկության ժամանակացույցը համատեղելի չէ դպրոցական դասացուցակի հետ, և/կամ համայնքային տրանսպորտը չի կարող սպասարկել շահառուների ամբողջական քանակին։
Նաև ենթածրագրում կընդգրկվեն այն աշակերտները, որոնք բնակվում են Թբիլիսիի արվարձաններում, փոքր ընտանեկան տիպի տներում կամ/և անօթևան երեխաների կացարաններում, և բնակության վայրից մոտակա դպրոցը գտնվում է 1,5 կմ հեռավորության վրա, ու չկա համայնքային տրանսպորտ կամ համատեղելի չէ դպրոցական դասացուցակի հետ։
Դպրոցը և համապատասխան դպրոցի աշակերտները, որտեղ ընթանում է դպրոցի ամբողջական կամ մասնակի վերանորոգում/ապամոնտաժում, նույնպես ընդգրկվում են ծրագրում։ Նաև` եթե առկա է հավատարմագրված փորձագիտական բյուրոյի եզրակացությունը դպրոցի շենքի կայունության վերաբերյալ, որի հիման վրա դպրոցի շենքում ուսումնական գործընթացի անցկացումը վտանգ է ներկայացնում, ինչը հիմք է հանդիսանում աշակերտներին այլ, համապատասխանաբար որոշված դպրոց տեղափոխելու համար։ Նշված դեպքում ենթածրագրում կընդգրկվի վերանորոգվող դպրոցը, որտեղ դպրոցների միջև հեռավորությունը (վերանորոգվող դպրոցի և ընդունող/հյուրընկալող դպրոցի միջև) սահմանվում է առնվազն 1 կմ։ Աշակերտների տեղափոխումը կիրականացվի վերանորոգվող դպրոցի հարակից տարածքից/տարածք», — նշված է մրցութային փաստաթղթում։
Մրցույթով նախատեսվում է տրանսպորտով ապահովել 38 դպրոցի աշակերտների։