Ծրագրվում է Աղմաշենեբելիի պողոտայի վերանորոգումը

Թբիլիսիի քաղաքապետարանը ծրագրում է Աղմաշենեբելիի պողոտայի մի հատվածի վերանորոգումը։

Աշխատանքները կիրականացվեն Թամար Թագուհու պողոտայից մինչև Մարջանիշվիլիի հրապարակ ներառյալ։ Այս մտադրության մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Ծրագրում ենք Աղմաշենեբելիի պողոտայի առանցքային հատվածի վերանորոգումը՝ Թամար Թագուհու պողոտայից մինչև Մարջանիշվիլիի հրապարակ ներառյալ։ Նախագծի շրջանակում կկարգավորվի ջրահեռացման ցանցը, կվերանորոգվեն մայթերն ու ավտոճանապարհը, առկա վնասված սալահատակը (բրուսչատկա) կփոխարինվի ասֆալտի նոր ծածկով։ Կտեղադրվի հեծանվուղի։ Նաև կփոխվի արտաքին լուսավորության ցանցը, և կտեղադրվեն LED լուսատուներ։ Հրապարակում կթարմացվեն կանաչապատ հատվածները, իսկ ենթակառուցվածքը կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց»,- ասել է Կալաձեն։

Ըստ Կալաձեի՝ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարվել է տենդեր, որը կավարտվի սեպտեմբերի 3-ին։