Թբիլիսիում տեղումներից հետո փողոցների ջրասուզման թեման վերջին շրջանում հանրությունն ակտիվորեն քննարկում է։ Առատ անձրևներից հետո ենթակառուցվածքային խնդիրները կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում։
Ամեն անգամ, երբ մայրաքաղաքում տեղումների ծավալն անցնում է միջին ցուցանիշը, քաղաքային ենթակառուցվածքների թողունակության հարցը կրկին հայտնվում է հանրային տիրույթում՝ տարբեր մոտեցումներով ու գնահատականներով։
Քաղաքացիները և ոլորտի մասնագետները հաճախ մտահոգություններ են բարձրաձայնում առ այն, որ մայրաքաղաքի ջրահեռացման (հեղեղատար) համակարգերը լիարժեք պատրաստ չեն նման ծանրաբեռնվածությանը։ Մատնանշվում են ինչպես հին ենթակառուցվածքների վերազինման, այնպես էլ նոր կառուցված կամ վերանորոգված փողոցներում ջրահեռացման պլանավորման անհրաժեշտությունը։
Ի պատասխան՝ համապատասխան գերատեսչությունները շեշտում են, որ նմանատիպ իրավիճակների հիմնական պատճառը կարճ ժամանակահատվածում տեղացած անսովոր առատ, նորմայից բարձր տեղումներն են, որոնց դեպքում աշխարհի բազմաթիվ քաղաքներում նույնպես առաջանում են ժամանակավոր կաթվածահար վիճակներ։ Կառավարող մարմինները վստահեցնում են, որ արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և անվտանգությունն ապահովելու համար։
Մասնավորապես, վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով ջրասուզվել էին փողոցներ, նկուղներ, նաև մետրոյի «Ռուսթավելի» և «Վաժա-Փշավելա» կայարանները։
Մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ առանձնապես առատ տեղումներ են արձանագրվել Թամարաշվիլիի պողոտայում։
Սաբուրթալոյի շրջանում՝ Չիքովանիի փողոցում, վնասվել էր գազատար խողովակը, ինչի պատճառով հարակից շենքի բնակիչները էվակուացվել էին։
Ճաբուա Ամիրեջիբիի մայրուղին կանխարգելման նպատակով փակվել էր։ Այժմ ճանապարհին ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է։
Հատկանշական է, որ Ճաբուա Ամիրեջիբիի մայրուղին գտնվում է Վերե գետի հովտում, որտեղ 2015 թվականի հունիսի 13-ին տեղի է ունեցել տարերային աղետ, որի հետևանքով զոհվել է 21 մարդ։
Սոցիալական արդարության կենտրոնի Հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի խոսքով՝ հորդառատ անձրևը բնական երևույթ է, բայց աղետը տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետությունը չի գնահատում ռիսկերը, չի չափում դրանք և դրանց դեմ պայքարելու քաղաքականություն չունի.
«Մենք ամեն օր տեսնում ենք կլիմայի փոփոխության ծանր հետևանքները՝ ծայրահեղ առատ տեղումներ, ցեխահոսքեր (սելավներ), սահանքներ, ջրհեղեղներ։ Գիտնականները տարիներ շարունակ զգուշացնում են, որ նման երևույթները կհաճախակիանան, և դրանց ինտենսիվությունն էլ կաճի։ Հարցն այլևս այն չէ, թե արդյոք դա տեղի կունենա, այլ այն, թե որքանով են դրան պատրաստ պետությունը, տեղական ինքնակառավարումը և հասարակությունը։
Իսկ ի՞նչ է անում այս ընթացքում Վրաստանը։
Ապրում ենք աղետից աղետ։ Ամեն ողբերգությունից հետո լսում ենք նույն արտահայտությունները ողբերգությունների մասին, բայց չեն երևում պատասխանատվության գիտակցումը և համակարգային քաղաքականությունը՝ ռիսկերի գնահատում, վաղ ազդարարման էֆեկտիվ համակարգեր, տարածքային պլանավորում, ենթակառուցվածքների հարմարեցում և կանխարգելիչ միջոցառումներ։ Այնուամենայնիվ, կլիմայական ճգնաժամը միայն բնապահպանական խնդիր չէ։ Սա նաև տնտեսական կարգի և քաղաքական ընտրության հարց է»։
Ըստ Միքելաձեի՝ երբ պետությունն առաջնահերթությունը տալիս է կարճաժամկետ տնտեսական հետաքրքրություններին, կոռումպացված կլանների հարստացմանը, անվերահսկելի շինարարությանը, բնական ռեսուրսների շահագործմանը և ոչ թե կայուն պլանավորմանը, հենց այս ընտրության հետևանքներն ենք տեսնում ամեն տարերային աղետից հետո.
«Չպետք է մոռանալ նաև այն, որ թեև կլիմայի փոփոխությունը վերաբերում է բոլորին, դրա ամենածանր հետևանքների համար միշտ վճարում են ամենաանպաշտպան մարդիկ, այսինքն նրանք, ովքեր ավելի քիչ ռեսուրսներ ունեն վնասներին դիմակայելու համար։
Բայց ինչի՞ մասին ենք խոսում, երբ պետությունը զավթված է, պետական ապարատի հիմնական նպատակը գործող քաղաքական էլիտայի իշխանության ու բարեկեցության պահպանումն է, իսկ քաղաքացիների անվտանգությունն ու հետաքրքրությունները ոչ միայն քաղաքականությունից, այլև քաղաքական լեզվից անգամ անհետացել են»։
Վրացի ակտիվիստ Ալիկա Կուպրավայի խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է Թբիլիսիում, աղետ է.
«Նման բան չի պատահի ոչ մի նորմալ երկրի մայրաքաղաքում։ Եթե նույնիսկ պատահի, քաղաքապետը հրաժարական կտա, ու նրան կձերբակալեն, կամ էլ հրաժարական չի տա ու էլի կհայտնվի բանտում։
Մեզ մոտ ոչ ոք հրաժարական չի տա, և ոչ ոքի չեն ձերբակալի։ Այստեղ կարծիքները կբաժանվեն։ Մի մասը կխոսի անսարք ջրահեռացման համակարգից, Կալաձեի պատասխանատվությունից, կոռուպցիայից և այլն, մյուս մասն էլ կասի, թե եվրոպական մայրաքաղաքներում էլ է անձրև գալիս․ դա բնական երևույթ է, ու Կալաձեն չի կարող դրան խանգարել։ «Իմեդի»-ն, «Պոստ ՏՎ»-ն և «Ռուսթավի 2»-ը տեսանյութեր կգտնեն, թե ինչպես է ջրհեղեղը քշում տանում որևէ եվրոպական քաղաք։
Վաղն ով որ խոսի այս խնդրի մասին, նրան կսևացնեն։ Կասեն՝ «մի՛ քաղաքականացրեք», երկրի թշնամի ու «նաց» (Ազգային շարժման կողմնակից – հեղ.) կհայտարարեն։ Պատկերացնո՞ւմ եք, որ Եվրոպայի մայրաքաղաքը օրումեջ ջրասուզվի, ու ժողովուրդը դրա մասին լռի։
Դժբախտությունն այն է, որ Կալաձեին արդարացնողների մեջ շատերը կլինեն հենց նրանք, ում տունը ջուր է լցվել», — գրել է նա։
Վրացի տնտեսագետ Պետրե Ցիսկարիշվիլին գրել է.
«Պարզ բացատրենք, թե ինչու «Վրացական երազանք»-ը երբեք ռեսուրս չի ծախսի ջրահեռացման ենթակառուցվածքների բարելավման վրա։
Ուժեղ անձրև որ գա, ու, օրինակ, Թբիլիսիում ոչինչ չջրասուզվի, մեքենաներն էլ ազատ տեղաշարժվեն, ջրահեռացման համակարգն էլ առանց խոչընդոտների հեռացնի առատ տեղումները, մեկնումեկը կառավարությանը շնորհակալություն կհայտնի՞։ «Էս ինչ լավ են աշխատել» կասի՞։ Թե՞ կասենք՝ «դե դա այդպես էլ պետք է լիներ», ու կշարունակենք ապրել։
Դե հենց հարցն էլ դա է։ Կառավարությունը ոչինչ չի անում առանց PR-ի և քաղաքական միավորներ հավաքելու։ Լիովին մեկ է «ժողովրդի մասին մտահոգվածների» համար ժողովրդի վիճակը, բարեկեցությունն ու առողջությունը։ Նրանց քարոզչական ալիքներն այսպիսի օրերին մակերեսորեն են լուսաբանում տեղի ջրհեղեղները (ստիպված են լինում թաղապետերի ուղեկցությամբ երկու բառ ասել), բայց մանրամասն ու ընդարձակ պատմում են, թե ինչպես է այրվում աշխարհը, ինչպես է տրոպիկական փոթորիկը մոտենում Հավայան կղզիներին, Ճապոնիայում էլ էր նման մի բան կատարվում…»,- գրել է տնտեսագետը։
Ըստ Ցիսկարիշվիլիի՝ «քաղաքի բետոնապատման և «հողն այլևս տեղումները չի ներծծում» թեմայով փորձագետ-քաղաքական գործիչների ցավն ու մտահոգությունը երկու օրից ոչ ոք չի հիշի, ու կառավարությունն էլ անհոգ կշարունակի նման գործելակերպը