Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հրավիրել է տիեզերքի հարցերով նախատեսված առաջին միջազգային գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-10-ը Փարիզում։
Այս տեղեկությունը հայտնելէ Կառավարության մամուլի ծառայությունը` հրապարակելով նաև Էմանուել Մակրոնի նամակը։
Ֆրանսիայի նախագահը գրել է, որ գագաթնաժողոցի համանախագահներն են լինելու Ֆրանսիան և Գերմանիան։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են` գիտությունը, հետազոտությունները, անվտանգության և պաշտպանության հարցերը։
«Պարոն վարչապետ, հարգելի Իրակլի, պատիվ ունեմ Ձեզ հրավիրելու տիեզերքի հարցերին նվիրված առաջին միջազգային գագաթնաժողովին, որը տեղի կունենա Փարիզում՝ սեպտեմբերի 9-10-ը։ Այսօր, առավել քան երբևէ, տիեզերքը ուժի և բարօրության կարևորագույն վեկտոր է։ Արդյունաբերական դերակատարների դինամիզմը, այս ոլորտի աճած քաղաքացիական և ռազմական երկակի նշանակությունը, նաև սրված մրցակցությունը պահանջում են կոորդինացված գործողություններ, որպեսզի լիովին իրացվի դրա տեխնոլոգիական ներուժը, և արագացվի տիեզերական տնտեսության կայուն ու պատասխանատու զարգացումը։ Գագաթնաժողովը հնարավորություն կստեղծի ընդգծելու երկխոսության և համագործակցության կարևորությունը ոչ միայն պետությունների, այլև ընկերությունների ու բազմակողմ դերակատարների միջև»։
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքում նշված է, որ միջոցառմանը մասնակցելու են մի շարք երկրների կառավարության ղեկավարներ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, գիտնականներ, ռազմական ոլորտի ներկայացուցիչներ, տիեզերագնացներ, նաև մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, տեղական համայնքների և զարգացման բանկերի որոշում կայացնող անձինք։