Ռուխաձեն վաճառել է Ռուսթավիի մետալուրգիական գործարանի ամրանների արտադրամասը

Գործարար Իրակլի Ռուխաձեն, որը սույն թվականի ապրիլի 15-ին վաճառեց «Լիբերթի բանկ»-ը, օտարել է ևս մեկ բիզնես։ Խոսքը Ռուսթավիի մետալուրգիական գործարանի ամրանների (արմատուրայի) արտադրական գծի մասին է, որը Ռուխաձեն վաճառել է «ՓիԷմ Մետալ» մետալուրգիական ընկերությանը։

Այս տեղեկությունը BMG-ն հայտնել է ընկերության ու Վրաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության կայքերում հրապարակված տեղեկատվության հիման վրա։

Ռուսթավիի մետալուրգիական գործարանը պատկանում է «Հանիվել Փարթներս»-ին։ Ռեեստրի համաձայն՝ «Ռուսթավիի պողպատը» (Rustavi Steel) 2025 թվականի դեկտեմբերին հիմնադրել է «Իբերիա Ռիբար» ընկերությունը, որին փոխանցել է իր սեփականություն հանդիսացող ամրանների արտադրական գիծը։ Իսկ 2026 թվականի հուլիսի 30-ին «Իբերիա Ռիբար»-ի սեփականատեր է դարձել գործարար Գիորգի Միրիանիշվիլիին պատկանող «ՓիԷմ Մետալ»-ը։

Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ «Լիբերթի բանկ»-ի նախկին գլխավոր տնօրեն Բեքա Գոգիչաիշվիլին դարձել է «Ռուսթավիի պողպատ»-ի տնօրեն։ Ընկերության սեփականատերերի կայացրած որոշումը հանրային ռեեստրում արտացոլվել է հուլիսի 23-ից։ Բեքա Գոգիչաիշվիլին փոխարինել է Իգոր Կորիտկոյին․ վերջինիս պաշտոնից ազատումն ու նոր տնօրենի նշանակումը գործընկերներն անվանել են «ընկերության լավագույն շահերից բխող»։