Մայրաքաղաքում Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների համար ժամանակակից վերականգնողական կենտրոն կստեղծվի։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով՝ «Միասին պայքարենք Դյուշենի մկանային դիստրոֆիայի դեմ» կազմակերպությանը Գլդանիի շրջանում 1657 քմ հողատարածք կհատկացվի։
«Սա կլինի մի տարածք, որտեղ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաները կկարողանան ստանալ համալիր վերականգնողական և կրթական ծառայություններ, ինչը նշանակալիորեն կնպաստի նրանց սոցիալականացմանն ու զարգացման հնարավորություններին», — հայտարարել է Կալաձեն։
Հիշեցնենք, որ Դյուշենի համախտանիշով պացիենտների համար դեղամիջոցի ներկրմանը կառավարությունը համաձայնեց միայն տևական բողոքի ակցիաներից հետո։ Հուլիսի 31-ին հայտնի դարձավ, որ պետությունը «Ջիվինոստատ» (Givinostat) դեղամիջոցը ձեռք կբերի իտալական ընկերությունից։ Իսկ սեպտեմբերի 4-ին առողջապահության նախարար Սարջվելաձեն հայտարարեց, որ դեղամիջոցը հաջորդ շաբաթվա սկզբին արդեն կլինի Թբիլիսիում։