«Վրացական երազանք»-ի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում ելույթ է ունեցել։
«Տիկնայք և պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ, մասնակցել այս կարևոր հանդիպմանը և ելույթ ունենալ Վրաստանի անունից։ Վրաստանի համար Ղրիմի և Ուկրաինայի հարցը միայն միջազգային օրակարգի կետերից մեկը չէ։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը։ Հենց դրա պատճառով միջազգային հանրության միասնական և ամուր դիրքորոշումը՝ հաջակցություն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, մեզ համար առանձնահատուկ կարևոր է։
Տասնամյակների ընթացքում Վրաստանն ինքն է կրել միջազգային կարգի ոտնահարման և միջազգային նորմերի ու սկզբունքների անտեսման հետևանքները։ Վրաստանի երկու շրջանների նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած օկուպացիան մինչ օրս շարունակվում է և մնում է մեր երկրի անվտանգության լուրջ մարտահրավերներից մեկը։
Մենք գիտենք, թե որքան կործանարար կարող է լինել օկուպացիայի ազդեցությունը առանձին մարդկանց, ընտանիքների և ամբողջ հասարակության վրա։ Հենց այս փորձից ելնելով՝ Վրաստանն առանձնահատուկ կարևորում է համերաշխությունը, միջազգային իրավունքի հարգումը և այն սկզբունքներին հավատարմությունը, որոնց վրա պետք է հիմնված լինի խաղաղ և անվտանգ միջազգային կարգը։ ՄԱԿ-ի միջազգային հարթակը կարևոր ֆորում է Ուկրաինայի նկատմամբ միջազգային ուշադրությունը պահպանելու և, որ ավելի կարևոր է, մեր ընդհանուր պարտավորությունները կոնկրետ գործողությունների վերածելու համար։ Վրաստանը հավատարիմ է խաղաղությանն ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, և մենք շնորհակալություն ենք հայտնում միջազգային համայնքին այս ջանքերին ամուր աջակցելու համար։
Ողջունում ենք բոլոր իրական ջանքերը, որոնք ուղղված են պատերազմի ավարտին և տևական խաղաղության հասնելուն․ խաղաղություն, որը կհիմնվի ՄԱԿ-ի օրենսդրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Վրաստանն ամուր կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին և մեկ անգամ ևս հաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Մակա Բոճորիշվիլին։