Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովը քննարկել է Վրաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակը։ Բյուջեի նախագիծը նիստին ներկայացրել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեն։
Նրա փոխանցմամբ՝ 2027 թվականին Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության ֆինանսավորումն ավելացել է 225 միլիոն լարիով և կազմում է 2 միլիարդ 928 միլիոն լարի։
Նախադպրոցական և հանրակրթական կրթություն․ 2 միլիարդ 83 միլիոն լարի
Մասնագիտական կրթություն․ 248 միլիոն լարի
Բարձրագույն կրթություն․ 248 միլիոն լարի
Ներառական կրթություն․ 127 միլիոն լարի
Գիտության և գիտական հետազոտությունների աջակցություն․ 95 միլիոն լարի
Երիտասարդության աջակցություն․ 22.5 միլիոն լարի
Գիորգի Կակաուրիձեի խոսքով՝ ընդհանուր առմամբ բյուջեի ծախսային մասում կրթության ծախսերն ավելացել են 400 միլիոն լարիով, ինչը նախատեսում է հանրային դպրոցների ուսուցիչների, վարչական անձնակազմի և մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում։
Բացի այդ, բարձրագույն կրթության բարեփոխման շրջանակում նախատեսված է պետական համալսարաններում անվճար ուսուցման ֆինանսավորում։ Համախմբված բյուջեից կրթության ոլորտում կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար կհատկացվի 800 միլիոն լարի։
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաև 2027 թվականի հիմնական հարկաբյուջետային ցուցանիշներին․
Տնտեսական աճ․ 2027 թվականի համար իրական տնտեսական աճի կանխատեսումը կազմում է 5%: Անվանական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի 8.9%-ով և կգերազանցի 126 միլիարդ լարին։
Գնաճ․ 2027 թվականին գնաճի ցուցանիշը կվերադառնա թիրախային 3% ցուցանիշին։
Բյուջեի դեֆիցիտ և պարտք․ Բյուջեի դեֆիցիտը պլանավորված է ՀՆԱ-ի 2.5%-ի մակարդակում, իսկ կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 31.6%-ը։
Եկամուտներ և ծախսեր․ Համախմբված բյուջեի ընդհանուր եկամուտները կազմում են 37 միլիարդ 531 միլիոն լարի (որից հարկային եկամուտները՝ 29 մլրդ 520 մլն լարի)։ Բյուջեի ծախսային մասը սահմանվել է 37 միլիարդ 562 միլիոն լարի։
Կապիտալ ծախսեր․ Համախմբված բյուջեից ենթակառուցվածքային և կապիտալ ծրագրերին ուղղվելու է ավելի քան 8 միլիարդ 431 միլիոն լարի։
Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Չակվետաձեի հայտարարությամբ՝ 2027 թվականի բյուջեի նախնական տարբերակն իր մասշտաբով աննախադեպ է։
Բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի Խորհրդարանի այլ հանձնաժողովներում։