Չինաստանում աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին հանդիպել է Շանհայի նավահանգստի օպերատոր ընկերության՝ Shanghai International Port Group-ի (SIPG) փոխնախագահ Ժեն Ժուեի հետ։
Թամար Իոսելիանին ծանոթացել է Շանհայի նավահանգստի գործառնական ժամանակակից համակարգերին, բեռների մշակման և կառավարման, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքների ու լոգիստիկ ծառայությունների փոխկապակցման և համակարգման գործընթացներին։
«Նախարարի տեղակալի հայտարարությամբ՝ Շանհայի նավահանգիստն աշխարհում ամենածանրաբեռնված կոնտեյներային նավահանգիստն է և միջազգային առևտրի ամենակարևոր լոգիստիկ կենտրոններից մեկը, որն աչքի է ընկնում ժամանակակից տեխնոլոգիաներով, արդյունավետ գործառնական համակարգերով և նավահանգստային ենթակառուցվածքների կառավարման բարձր ստանդարտներով։
Նրա խոսքով՝ Շանհայի նավահանգստի փորձին ծանոթանալը կարևոր է Վրաստանի նավահանգստային ոլորտի զարգացման, գործառնական արդյունավետության բարձրացման և ժամանակակից կառավարման պրակտիկայի ներդրման տեսանկյունից։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Միջին միջանցքի զարգացման հեռանկարներին և Վրաստանի՝ որպես Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր տրանսպորտային-լոգիստիկ կապող օղակի դերի ամրապնդմանը», — նշված է մամուլի հաղորդագրությունում։
Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի երկաթուղու գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն։