Սոցիալական ծառայությունների գործակալության հրապարակած վիճակագրության համաձայն՝ այս տարի սոցիալական նպաստ ստացողներին փոխանցված գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 83 մլն լարիով: Դրանից անմիջապես կենսաապահովման նպաստ ստացող ընտանիքներին հատկացվող գումարի նվազումը կազմում է մոտ 30 մլն լարի, իսկ զբաղվածության պետական ծրագրի մասով կրճատումը գերազանցում է 52 մլն լարին:
Մասնավորապես, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կենսաապահովման նպաստ ստացող ընտանիքների աջակցության վրա ընդհանուր առմամբ ծախսվել է ավելի քան 630 մլն լարի: Դրանից 449 մլն լարին ուղղվել է կենսաապահովման նպաստ ստացող ընտանիքներին, իսկ 181 մլն լարին՝ հասարակական զբաղվածության պետական ծրագրի մասնակիցներին:
Կենսաապահովման նպաստի բյուջետային աջակցության նվազումը կապված է սոցիալական նպաստ ստացողների թվաքանակի կրճատման հետ: Վերջին տասը ամիսների ընթացքում կենսաապահովման նպաստը դադարեցվել է 191 հազար 736 անձի համար, որոնցից մոտ 122 հազարը ներգրավված է եղել զբաղվածության ծրագրում, որը կառավարությունը չեղարկել է:
Հոկտեմբերի 7-ին՝ կառավարության նիստի ավարտից հետո, առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հայտարարել էր, որ կենսաապահովման նպաստի բազաների վերանայման արդյունքում պետությունը տնտեսել է մի քանի տասնյակ միլիոն լարի:
Երկրում կենսաապահովման նպաստ ստացողների թվի աճը սկսվել էր 2020 թվականից, երբ համավարակի պատրվակով դադարեցվեց սոցիալապես անապահով բնակչության վերստուգումը: Դրան 2022 թվականից ավելացավ նաև զբաղվածության պետական ծրագիրը, որը պետք է նպաստառու անձանց նախապատրաստեր աշխատաշուկայի համար, սակայն վարչապետ Կոբախիձեն ասում է, որ նախորդի օրոք գործարկված ծրագիրն անօգուտ էր, իսկ զբաղվածությունը՝ ֆիկտիվ: Մինչդեռ կառավարության կողմից անօգուտ գնահատված ծրագրի վրա բյուջեից ծախսվել է ավելի քան 300 միլիոն լարի: