Բոդբեի թեմի եպիսկոպոս Տեր Իակոբի մեղադրանքներին պատասխանել են իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները:
Բոդբեի թեմի եպիսկոպոս Տեր Իակոբի հայտարարությունն առ այն, որ կառավարության անդամները ծրագրում էին համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդին գահընկեց անել, մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհիկ ու հոգևոր կյանքում:
Իշխանության ներկայացուցիչները անհեթեթություն են որակել հայտարարությունը, իսկ ընդդիմությունը այն հիմնավոր է համարել հետաքննություն սկսելու համար։
Տեր Իակոբը սկանդալային հայտարարությունն արել է TV Pirveli-ի եթերում: Նրա խոսքով, իր հետ բանակցություններ են վարել Իլիա 2-րդին հեռացնելու հետ կապված: Հոգևորականը նաև նշել է, որ իր հետ հանդիպել է այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, հանդիպմանը ներկա է եղել նաև Գիորգի Գախարիան և Վախթանգ Գոմելաուրին:
Գախարին և Կվիրիկաշվիլին այսօր տարածած հայտարարությամբ հերքել են լուրը՝ այն հիմարություն համարելով։
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան մեկնաբանելով Տեր Իակոբի խոսքերը, նշել է, որ ակնհայտորեն պետությունը փորձել է միջամտել եկեղեցու հարցերին, ինչը դեմ է Սահմանադրությանը: Ըստ նրա՝ սա կարող է իմպիչմենտ պահանջելու համար լավ առիթ հանդիսանալ:
Հարկ է նշել նաև, որ հայտարարությունն անելուց հետո Տեր Իակոբը հրաժարվել է եպիսկոպոսական կոչումից ու հեռացել Թբիլիսիից: