ԱԳ նախարարը հանդիպել է թուրք գործընկերոջը

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Դարչիաշվիլին և  Ֆիդանը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական խնդիրները։

«Նախարարներն իրենց գոհունակությունն են հայտնել Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպման կապակցությամբ, որը, նրանց կարծիքով, երկու երկրների սերտ բարեկամության և գործընկերության ևս մեկ արտահայտություն էր։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են տարածաշրջանի կայուն զարգացման համար խաղաղության ապահովման անհրաժեշտությունը և նշել այս գործընթացում ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի հատուկ դերը»,- նշված է ԱԳՆ-ի տեղեկատվության մեջ։

Նախարարները պայմանավորվել են ակտիվորեն աշխատել ռազմավարական գործընկերության բոլոր ոլորտների հետագա ամրապնդման ուղղությամբ, ներառյալ բարձր մակարդակի այցերի փոխանակումը:

Ընդգծվել է Վրաստանի և Թուրքիայի հիանալի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում: