Ամիրան Գամկղրելիձեն խոսել է երկրում համաճարակային իրավիճակի մասին

Այսօր կայացած միջգերատեսչական խորհրդի նիստից հետո Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն խոսել է Վրաստանում առկա համաճարակային իրավիճակի մասին:

Նրա խոսքով՝ եթե բոլորը 3 շաբաթվա ընթացքում պահպանեն սահմանված հանձնարարականները և ավելանա դիմակ կրելու ցուցանիշը, ամսվա վերջում հնարավոր է նոր դեպքերի քանակը 50 տոկոսով կրճատվի: Գամկղրելիձեի խոսքով՝ եթե այդպես շարունակվի ապրիլին Վրաստանում օրական վարակվածների քանակը կլինի 200-ի սահմաններում:

Նա նաև խոսել է երկրում դիմակ կրելու մասին և նշել, որ ցուցանիշն ավելացել է և կազմում է 65 տոկոս:

Գամկղրելիձեն անդրադարձել է նաև այսօր վարակի նոր դեպքերի համեմատաբար ցածր ցուցանիշին և նշել, որ սա անհոգության տեղիք չպետք է տա, քանի որ դա կախված է շաբաթ և կիրակի օրերից, երբ թեստավորումների քանակը բավականին ցածր է եղել:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2501 նոր դեպք:

Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերը նվազել են