Բալային համակարգը Վրաստանում. Տեսանյութ

Թբիլիսին բալային համակարգի 3-ամյա փորձ ունի։Փորձագետների գնահատականն ու ՆԳՆ-ի վիճակագրությունը հուսադրող են․ ՃՏՊ-ների ու զոհերի թիվը նվազել է։

Վրաստանում վարորդների համար բալային համակարգը գործարկվեց 2017-ին։ Արդեն 3-րդ տարին է Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդները տարեկան ստանում են 100 բալ  ու ճանապարհային ոստիկանության կողմից խախտում գրանցելու դեպքում քիչ-քիչ կորցնում դրանք։ 100 բալը վերջնականապես սպառելու դեպքում՝ կորցնում են վարորդական իրավունքը։ Այս դեպքում վարորդը ստիպված կլինի արտահերթ քննություն հանձնել՝ վարորդական իրավունքը վերականգնելու համար։

Բալերը պակասում են՝ ըստ խախտումների վտանգավորության աստիճանի։ Օրինակ՝ ամենաբարձր՝ 40 բալ, պակասում է մեքենան ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցությամբ վարելու, վրաերթի պատճառ դարձած՝ արագություն գերազանցելու, շտապ օգնության մեքենային չզիջելու համար։ Բարձր բալեր են հանվում նաև փակած համարներով երթևեկելու դեպքում՝ 30 բալ։

Վրաստանի ավտոճանապարհների և տրանսպորտի փորձագետի կարծիքով՝ Վրաստանում բալային համակարգի ներմուծումը քայլ առաջ էր՝ նախ և առաջ այն առումով, որ  օրենքի առաջ հավասար դարձրեց բոլոր վարորդներին`անկախ նրանց ֆինանսական հնարավորությունից․

«Մեր ճանապարհներին, ետխորհրդային երկրներում սա ընդհանուր է, կան վարորդներ, ովքեր ունեն փող, խախտում են երթևեկության կանոններն ու տուգանք վճարում, խախտում է, վճարում, խախտում, վճարում, ու անհավասար պայմաններում են հայտնվում այն վարորդի հետ, ով գումարի խնդիր ունի: Այսինքն ինչ-որ խախտում է անում, իսկ  ինչ որ մեկը զգույշ է ճանապարհին: Բալայինի դեպքում, վարորդն, ով շատ գումար ունի, և վարորդն, ով քիչ գումար ունի, օրենքի առջև հավասար են լինում, այսինքն միանման են վախենում, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները։ Ինչ վերաբերում է Վրաստանի վիճակագրությանը` փոխվում է` նվազում է  մահացությունների ու վնասվածքների քանակը. Սա երկարաժամկետ գործընթաց է, և օրինակ մեկ տարվա ընթացքում արդյունք չի տա: Այսօր կարելի է ասել, որ մոտավորապես 700 մահ էր գրանցվում ամեն տարի, սա շատ բարձր ցուցանիշ է, այս թիվը քիչ- քիչ նվազեց, ու 500-ի հասավ , ու մենք հույս ունենք, որ  տեխզննման օրենքի վերադարձն ու տարբեր միջոցառումները, օրինակ առաջատար տեխնոլոգիաների ներմուծումը էլ ավելի դրական արդյունք կտան»,-ասում է Դավիթ Մեսխիշվիլին`նշելով, որ սա Վրաստանի համար չնայած ցավոտ, բայց միանշանակ ժամանակակից ու ժամանակին փոփոխություն էր, սակայն միայն բալային համակարգ ներդնելով՝ իրավիճակ չէր փոխվի։

Վրաստանում բալային համակարգի ներդրմանը զուգահեռ նաև մեկ տարվա ընթացքում 2000-ից ավելի  խելացի տեսախցիկներ  գործարկվեցին, որոնք ունակ են ավտոմատ կերպով տուգանք արձանագրել ու նույն պահին հաղորդագրության տեսքով ուղարկել մեքենայի սեփականատիրոջը։

Նախորդ տարվա ընթացքում Վրաստանում մոտ 200 վարորդ սպառել է 100 բալն ու կորցրել վարելու իրավունքը։ Առանց վարորդական վկայականի մնացած վարորդների թվով առաջատարը մայրաքաղաք Թբիլիսին է, ուր երթևեկության կանոնների խախտման մոտ 150 հազար դեպք է եղել։ Ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրությունը հուսադրող է՝ Թբիլիսիի մոտ 320 հազար վարորդից տարվա ընթացքում ամբողջությամբ պահպանել են իրենց բալերը։