Չանախչի գյուղի բնակիչները՝ թանկացումների մասին. հարցում

Վրաստանում շարունակվում է պահպանվել գնաճը՝ իր բացասական հետքը թողնելով քաղաքացիների վրա։

Թանկացումներն այս սեզոնին հիմնականում նկատելի է գյուղացիների վրա, քանի որ ինչպես իրենք են նշում՝ «խոտհնձի, բերքահավաքի սեզոնն է, իսկ ամեն ինչ, բացի գյուղացու աշխատանքից ու բերքից՝ թանկացել է»:

Չանախչի գյուղի բնակիչ Մարատ Մաթևոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ  հատկապես նկատելի է դիզվառելիքի թանկացումը, սնդամթերքից թանկ է ալյուրը, հացը:

«Դիզվառելիքը թանկ գնում ենք, թե հետո ինչպես կկարողանանք վաճառել մեր ստացած բերքը՝ Աստված գիտի»,- ասում է Մաթևոսյանը՝ հավելելով, որ կախված ընտանիքի անդամների քանակից, յուրաքանչյուր ընտանիքի առնվազն 500 լարի է պետք՝ որպեսզի մեկ ամիս հոգա իր նվազագույն ծախսերը:

Չանախչիի դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանը նկատում է, որ գյուղի թոշակառուները 360 լարիով (խմբ. բարձր լեռնային գոտում կենսաթոշակը 360 լարի է) կարող են ոչ լիարժեք, բայց 1 ամիս հոգալ իրենց ծախսերը, իսկ այն գյուղացիները, որոնք եկամուտ չեն ստանում, փորձում են գյուղական մթերքների վաճառքից ստացած գումարով ծայրը ծայրին հասցնել:

«Վերջին շրջանում հատկապես թանկացել է ձեթը, ալյուրը, շաքարավազը և այլ առաջնային սննդամթերքը»,- ասում է Մանուկյանը:

Գյուղի մեկ այլ բնակիչ Վալերիկ Խուդինյանի խոսքով, Վրաստանում չկա մեկ բան, որը չի թանկացել, սակայն ընդգծում է՝ բենզինի, դիզվառելիքի, ալյուրի թանկացումները: Խուդինյանի խոսքով, ընտանիքին մեկ ամիս ծախսերը հոգալու համար նվազագույնը 1000 լարի է պետք:

Թոշակառու բնակչուհիները միաձայն փաստում են, որ վերոնշյալ մթերքների թանկացումը բավականին ազդել է իրենց բյուջեի վրա: Նրանցից ոմանք ասում են, որ իրենց ստացած թոշակը (որոշները միայնակ թոշակառու են) բավականեցնում է՝ մեկ ամիս ուղղակի առանց շռայլությունների ծախսերը հոգալու համար:

«Այն ընտանիքները, որոնք նպաստառու են, և ունեն 7-8 անդամ, բնական է, որ ստացած նպաստը, որը կարող է կազմել 700-800 լարի՝ չի կարող բավականացնել, և նրանց կարելի է օգնել: Թոշակի հույսին ապրող ընտանիքները ևս այս թանկացումների ֆոնին չեն կարող ապրել»,- ասում են Լյովա Գաբոյանը, Սեյրան Միսկարյանն ու Էդիկ Գևորգյանը:

Գյուղի բնակչուհի, դպրոցի ուսուցչուհի Անժելիկա Միսկարյանը նկատում է, որ յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա էլ վերջին շրջանի թանկացումներն ազդել են.

«Ազդեցությունը զգացվում է թե պետական աշխատողների, թե թոշակառուների, թե նպաստառուների և բոլորի վրա: Ամեն ինչ թանկացել է, բացի այս ոլորտներից օգտվողների ստացած աշխատավարձից, նպաստից և թոշակներից»:

Բնակչուհի Անիկ Կոնյանը ընդգծում է, որ համատարած թանկացումների ֆոնին չեն կարողանում իրենց արտադրանքը տանել և վաճառել՝ առկա բազմաթիվ խնդիրների պատճառվ:

«Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է անասնաբուծությամբ, բնականաբար, անասնակեր պետք է գնի, ինչը ևս թանկացել է: Եվ գյուղացին տարեկան մեկ անասուն պետք է վաճառի, ինչը պետք է հոգա իր առօրյա ծախսերը՝ սակայն հասույթը տրամադրում է անասնակեր գնելուն»,- ասում է երիտասարդ բնակչուհիներից Աննա Վերմիշյանը:

Վերմիշյանը նկատում է՝ քանի որ գյուղացիները հացը տանն են թխում և ոչ թե գնում են, ապա ալյուրի վերջին շրջանի անընդհատ թանկացումը բացասական է ազդում գյուղացիների վրա:

Նա նաև ընդգծում է, որ չնայած, որպես բարձր լեռնային գոտու բնակիչներ կան գազի, էլեկտրաէներգիայի զեղչեր, բարձր թոշակներ և աշխատավարձեր սակայն՝ լինելով շրջկենտրոն Մառնեուլիից 60 կմ հեռավորության վրա՝ այդ «ավելցուկ» գումարը ծախսվում է տրանսպորտի վրա:

Աղքյորփի գյուղի բնակիչները՝ թանկացումների մասին. հարցում

Մառնեուլիի շրջանի Խոժոռնի և Դամիա գյուղերի բնակիչները՝ թանկացումների վերաբերյալ. հարցումներ