Մառնեուլիի շրջանի Խոժոռնի և Դամիա գյուղերի բնակիչները՝ թանկացումների վերաբերյալ. հարցումներ

Վրաստանում, չնայած վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից երկնիշ տնտեսական աճի մասին հայտարարություններին, այդուհանդերձ, թանկացումները վերջին շրջանում ռեկորդային մակարդակի են հասել։ 

Իրավիճակը գնաճի առումով փոխվել է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին և Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից կիրառված պատժամիջոցների հետևանքով։

«Ալիք Մեդիան» այցելել է Մառնեուլիի շրջանի Խոժոռնի (բարձրլեռնային) և Դամիա (ոչ բարձրլեռնային) գյուղեր և տեղում զրուցել գյուղացիների հետ՝ հասկանալու, թե ինչպես է ազդել գնաճը գյուղացիների գնողունակության վրա, և հատկապես որ մթերքներն են թանկացել։

Հատկանշական է, որ մթերքների թանկացումների առումով կարծիքները երկու գյուղում էլ գրեթե միանման են։

Խոժոռնի գյուղի բնակիչ, դպրոցի պատմության ուսուցիչ Լևոն Ղարիբյանի խոսքով, բնականաբար, գնաճը բոլորի վրա է ազդում, սակայն բարձրլեռնային գոտիներում ապրող բնակչության հանդեպ ուշադրություն կա.

«Դե բարձրլեռնային շրջանների թոշակառուները համենատաբար բարձր թոշակ են ստանում, աշխատավարձն էլ է համեմատաբար բարձր։ Ճիշտ է, թանկացումներին համահունչ չէ, բայց գոհ ենք»։

Թոշակառու Ռուսիկ Մանուկյանն առանց երկմտելու միանգամից պատասխանում է, որ թանկացել է ալյուրը և, առհասարակ, ամեն ինչը։

Ղարո Մանուկյանն էլ նշում է.

«Պետությունը թոշակները մի 20 լարի բարձրացնում է, փոխարենը՝ գնում ես բազար՝ ամեն ինչ թանկացել է»։

Գյուղի բնակչուհի Լուսինե Ասատրյանն էլ նշում է, որ գների բարձրացումը, բնականաբար, յուրաքաչյուր ընտանիքի բյուջեի վրա էլ ազդում է, սակայն դրա հետ ևս պետք է հարմարվել։

Աստարյանը ևս շեշտում է, որ ալյուրը, շաքարավազը, ձեթը, առաջնային անհրաժեշտության մթերքները շատ են թանկացել։

«Բարձրլեռնային շրջաններում մենք օգտվում ենք կոմունալների զեղչերից միայն»,- ասում է Ասատրյանը։

Ըստ Լյուդմիլա Ասատրյանի, երբ չկա աշխատանք, բնականաբար, ամեն ինչի թանկացումն էլ ազդում է բնակչության վրա։ Ասատրյանի կարծիքով, վերջին շրջանում ռեկորդային են թանկացել շաքարավազը, ալյուրը, ձեթը և այլն։

Խոժոռնի գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հարութ Մկրտչյանը վերոնշյալ ապրանքների գների թանկացման հետ մեկտեղ նշում է նաև բենզինի և, առհասարակ, նավթամթերքի թանկացումը, որը ևս գյուղացիների համար կարևոր է։

Ըստ թոշակառու Փաշիկ Վերմիշյանի՝ իր ստացած թոշակը երկու հոգու մի կերպ բավականացնում է, սակայն, առհասարակ, թանկացումները վատ են անդրադառնում բոլորի վրա.

«Ինչն է իբր էժան մնացել, ամեն ինչն էլ թանկացել է։ Ամենակարևորը հացն է, իսկ ալյուրը շուտով կհատի 100 լարիի սահմանը, մնացած մթերքների թանկացումն էլի քիչ թե շատ տանելի է»։

Թոշակառուներ Էմմա Ասատրյանը և Յուրիկ Սիրադեղյանը ևս շեշտում են առաջնային մթերնքերի թանկացումը։

Դամիա գյուղի բնակիչ, խանութներից մեկի սեփականատեր Գևորգ Միսկարյանի խոսքով, բոլոր ապրանքատեսակների գներն էլ բարձրացել են, սակայն միանշանակ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ ինչպիսիք են հացը, ձեթը, ալյուրը, շաքարավազը, սուրճը՝ իհարկե ավելի ակնառու է թանկացումը, քանի որ ամենօրյա կամ շաբաթվա կտրվածքով գոնե երկու անգամ բնակչությունը գնում է այդ ապրանքները։

«Շաբաթվա կտրվածքով, այս սեզոնին գոնե երկու անգամ Մառնեուլի եմ գնում՝ վաճառքի ապրանք բերելու նպատակով և կզարամանք, բայց ամեն անգամ ապրանքների գները նույնը չեն, 5-10 կամ ավելի թեթրիով ավելացած է լինում»,- ասում է Միսկարյանը։

Նպաստառու Մ.Մ-ն ընգծում է, որ ստացած նպաստի 150 լարին, կոպիտ հաշվարկով, ընդամենը 5-7 օրվա ծախսելու համար է բավականացնում.

«Ալյուր, ձեթ, շաքարավազ և մի քանի դեղորայք եմ գնում և հազիվ բավականացնում եմ տուն հասնելու համար։ Իսկ կոմունալների համար պարտք եմ անում, որ սեզոնային աշխատանքով վճարեմ»։

Դամիայի թոշակառուները ևս դժգոհում են գնաճից, նրանք ևս միաձայն ասում են, որ «մի քանի լարի թոշակ են բարձրացնում, որը հազիվ դեղորայքին է հերիքում, իսկ գնաճը, ուղղակի, կրկնապատկվել է»։