Չենք ցանկանում, որ Վրաստանի միակ գազի մատակարարը Ադրբեջանը լինի․ Քոբուլիա

Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիան հայտարարել է, որ Վրաստանը չի ցանկանում, որ գազի միակ մատակարարը Ադրբեջանը լինի։

«Մենք չենք ցանկանում, որպեսզի ստեղծվի մենաշնորհային իրավիճակ։ Ադրբեջանից զատ  ուզում ենք գազ ստանալ նաև Ռուսաստանից: Դրանից մեր քաղաքացիներն ու ընկերությունները մեծ օգուտ կքաղեն»,- հայտարարել է նախարար Քոբուլիան:

Նրա խոսքով, այդ դեպքում կստեղծվի մրցակցություն, որը կազդի նաև գների վրա:

«Մեզ ավելի շատ է անհրաժեշտ «Գազպրոմ»-ը, քան «Գազպրոմ»-ին մենք»,- հայտարարել է Քոբուլիան:

Նախարարի խոսքով, ռուսական «Գազպրոմ»-ի հետ ընթացող բանակցությունները հենց այս հարցին են վերաբերում, իսկ պայմանագրի կնքումը տեղի կունենա՝ հաշվի առնելով  երկրի էներգանվտանգությունն ու էներգաանկախությունը:

Արդեն գրեթե երկու ամիս է, որ Վրաստանի տարածքով Հայաստանին գազ է մատակարարվում առանց պայմանագրի: Կառավարության հավաստմամբ, Վրաստանը փորձում է բարելավել պայմանագրի պայմանները:

Հիշեցնենք՝ 2017 թվականից Վրաստանը տարանցիկ բնական գազի 10 տոկոսի փոխարեն ֆինանսական փոխհատուցում է ստանում: Ինչպես հայտնի է, գումարային փոխհատուցումը ավելի պակաս է, քան այն բնական գազի արժեքը, որը երկիրը ստանում էր անվճար: