Դեպքի վայրից. պայթյունից հետո Մեծ Դիղոմիում դեռ ուշքի չեն եկել. լուսանկարներ

Լռություն… պայթյունից երեք օր անց էլ Թբիլիսիի նորակառույց Մեծ Դիղոմիում ծանր լռություն է։ Չորս մարդու կյանք խլած հունվարյան ահասարսուռ երեկոն այստեղ չեն մոռանա, իսկ երկյուղը դեռ երկար ժամանակ չի նահանջի։

Պայթյունը եղած բնակարանի շքամուտքի ու հարևան շքամուտքի բնակիչներին տարհանել են։ Թաղամասում գազաֆիկացումն անջատվել է:

Հարակից շենքի 9-րդ հարկի բնակիչը սպասումով քայլում է բակում՝ շրջանցելով պայթյունի հետևանքով փողոցում թափված ապակիների ու շինանյութի բեկորները․ ասում է․

«Արդեն չորրորդ օրն է գազ չունենք, անջատել են, ես էլ տանը փոքր երեխաներ ունեմ, անընդհատ զանգում եմ, որ գան միացնեն, սակայն ասում են, որ անվտանգությունից ելնելով դեռ չեն միացնի: Բնակարանում էլ շատ ցուրտ է, մրսում ենք…»:

Տարածքում ոչ համազգեստավոր մարդ տեսնելով բնակիչը մեզ հետ զրույցի է բռնվում, սակայն չի ցանկանում ներկայանալ:

Դեպքի մասին հարցերին ի պատասխան ասում է, թե «ոչ մի լավ բան չեմ կարող պատմել» և շարունակում.

«Կարծեցի վերևի հարկում էր պայթյունը, դուրս վազեցինք, երեխաներին դուրս հանեցինք… երեք անգամ ուժգին ալիք անցավ, մեզ թվում էր շենքը կփլուզվի… հետո հարևանները, բոլորս զանգեցինք 112՝ շտապ օգնություն, ոստիկանություն, սարսափելի պատկեր էր»:

Թեև շենքի մուտքը հակառակ կողմից է և պայթյունը եղել է 6-րդ հարկում, բնակիչները վախեցած են, ալիքը մեծ է եղել, պայթել են նաև առաջին հարկի բոլոր պատուհանները:

Թաղամասը, որտեղ գտնվում է շենքը, նորակառույց է, մասամբ բնակեցված: Շենքի բնակչուհին պատմում է, որ 1-2 ամիս առաջ, երբ իրենք՝ ընտանիքով տեղափոխվեցին նոր բնակարան, դիմեցին Chiragdani գազիֆիկացման ծառայություն, մուծեցին բոլոր գումարները, չեն խնայել նաև խողովակների համար՝ գնել են որակով և գազի համար համապատասխան խողովակներ:

Ինչ վերաբերում է գազի արտահոսքի դետեկտորներին, շենքի բնակչուհին ասում է, որ ընկերության աշխատակիցները խողովակները տեղադրելիս և գազն անցկացնելիս զգուշացրել են, որ կարելի է համապատասխան սարք տեղադրել.

«Չեն պարտավորեցրել, պարտադիր չէ, սակայն մեզ խորհուրդ տվեցին, որ գնենք և տեղադրենք դետեկտորներ: Կարծում եմ մեր շենքում բոլորն էլ ունեն դրած», — ասում է նա, իսկ մեր հարցին, թե արդյո՞ք օրենքով տուգանում են դրանց բացակայության դեպքում, բնակչուհին պատասխանում է. «ոչ, նման բան չեմ լսել, մենք մեր անվտանգության համար ենք անում», չնայած պայթյունից հետո էլ ոչ մի ստուգում չի արվել թաղամասի շենքերում:

Շրջելով շենքի տարածքում հանդիպեցինք երկրորդ բնակչին։ Վախեցած աչքերով ու շոկը դեռևս չհաղթահարած հայացքով երիտասարդ կինը Լելա Պատատիշվիլին է, ապրում է պայթունը եղած բնակարանի կողքի շքամուտքում: Պայթյունից հետո տարհանվել է և այժմ բնակվում է հյուրանոցում, եկել էր տեսնելու, թե ինչ վիճակ է և տնից մի քանի բան վերցնելու: Վախեցած է, ավելի է վախեցել, երբ չի կարողացել տնից դուրս գալ:

«Ես կողքի՝ առաջին շքամուտքում եմ ապրում, երրորդ հարկում, սակայն ցնցումը մեզ մոտ էլ շատ ուժգին էր: Նոր էի տուն եկել և այդ ժամանակ սկսվեց: Նախ մտածում էի, թե երկրաշարժ է, հետո փորձում էի դուրս գալ տնից, սակայն դուռը կողպվել էր, չէի կարողանում բացել, վախենում էի, հետո օգնեցին դուրս գալ  տնից», — ասում է Լելան՝ հավելելով, որ լավ պայմաններ են ապահովել շենքից հարկադիր տարհանվածների համար, — «ապրում ենք հյուրանոցում, առաջին օգնության ամեն բան ստացել ենք»:

Հիշեցնենք՝ հունվարի 16-ի երեկոյան Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղամասում գազի պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ, այդ թվում մեկ երեխա: