Հանցավոր անգործությու՞ն, թե անփութություն, որ կյանքեր արժե

Ամեն տարի գազի պայթյունները Վրաստանում տասնյակ մարդկային կյանքեր են խլում, սակայն մեղավորները չեն բացահայտվում, իսկ իրավասու մարմինները կարծես քայլեր չեն ձեռնարկում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ։

2018 թվականին միայն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով գրանցվել է թունավորման 98 և մահվան 27 դեպք։ 2016-2018 թվականներին մայրաքաղաքում 86 մարդ է զոհվել։

Վերջին ցավոտ դեպքն այս շաբաթ էր, երբ հունվարի 16-ի երեկոյան Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղամասում գազի պայթյունի հետևանքով մահացավ 4 մարդ, այդ թվում մեկ երեխա:

Գազ մատակարարող KazTransGas ընկերությունից «Ալիք մեդիային» հայտնում են, թե «անցել ենք արտակարգ ռեժիմի, ստուգման աշխատանքներ են անցկացվում, իսկ ստուգում ենք բոլոր ահազանգերը»: Մեր հարցին, թե արդյոք չեն պատրաստվում գազի արտահոսքի զգայասարքեր (դետեկտոր) տեղադրել, ընկերության հանրային կապերի պատասխանատու Մարիամ Տուրիաշվիլին պատասխանում է.

«Նման ծառայություն կա, սակայն մենք միայն խորհրդատվություն ենք տալիս, անձը ինքը պետք է դիմի»:

Ինչ վերաբերում է ծառայությանը, ապա նշենք, որ հունվարի 16-ի պայթյունից ժամեր առաջ շենքի բնակիչը ահազանգել է ընկերություն. գազի հոտ է զգացել, սակայն ընկերության աշխատակիցները ասելով՝ «ձեզ թվացել է, հոտ չկա» հեռացել են տարածքից: Ինչպես հայտնի է, Մեծ Դիղոմիի չորրորդ բաժնում հարցաքննում են KazTransGas-ի այն աշխատակիցներին, որոնք երեկ կանչ էին ստացել:

Այս թեմայով հայտարարություն է տարածել նաև էներգոօմբուդսմենը (հանրային պաշտպան): Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Էներգոօմբուդսմենը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է սկսել Մեծ Դիղոմիի պայթյունի վերաբերյալ: Սալոմե Վարդիաշվիլին պայթյունից հետո, ամբողջ գիշեր եղել է դեպքի վայրում, ուսումնասիրել Ավթանդիլի փողոցում տիրող իրավիճակը»:

Սրա հետ մեկտեղ, էներգոօմբուդսմանը պատասխան է պահանջում KazTransGas ընկերությունից և այն աշխատակիցներից, ովքեր բնակարանները ստուգել են: Էներգետիկ ուղղությամբ հանրային պաշտպանը խոսում է աշխատակիցների անզգուշության և ոչ պրոֆեսիոնալիզմի մասին՝ հավելելով, որ կպահանջի բոլոր փաստաթղթերը, ինչից հետո էլ հնարավոր կլինի վերջնական վերլուծություն անել:

«Վերջին ժամանակաշրջանում եղած ողբերգությունները հստակորեն մատնանշում են համակարգային խնդիրների մասին, որոնք կարող են լուծվել միայն համակարգված», — ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, դեռևս նոյեմբերի 15-ին Թբիլիսիի ծայրամասային Զեմո Փոնիճալա թաղամասում բնական գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերը փլուզվել էին: Պայթյունի հետևանքով 2 մարդ զոհվել է, 3-ը՝ տուժել, իսկ 26 ընտանիք մնացել ժամանակավոր կացարաններում:

Դեպքից հետո երկու ամիս է անցել, սակայն հետաքննությունը ոչինչ չի պարզել. Չկան մեղավորներ, կան բազմաթիվ փորձաքննություններ, ներառյալ հրշեջ ապահովության, ինժեներական և բժշկական, բայց փորձագիտական պատասխանները հայտնի չեն:

Ազատություն ռադիոկայանի վրացական գործակալությանը Կրծանիսիի թաղապետարանից հայտնել են, որ տարհանված 26 ընտանիքից 9-ը դեռևս բնակվում է հյուրանոցում, իսկ 17 ընտանիք ապրում է վարձակալած բնակարանում:

Նոյեմբերի 15-ին, Զեմո Փոնիճալայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երրորդ մասով, ինչը նշանակում է շինարարության կամ շահագործման ժամանակ անվտանգության կանոնների խախտում, որի արդյունքում երկու կամ ավելի մարդ է զոհվել:

Հատկանշական է, որ նույն հոդվածով գործ է հարուցվել հունվարի 16-ին Մեծ Դիղոմիում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:

Ավելացնենք նաև, որ հունվարի 16-ին, ուշ գիշերով գազի արտահոսքից պայթյուն է եղել նաև Գորի քաղաքում, որի հետևանքով մեկ մարդ է տուժել. հայտնի է, որ տղամարդը վնասվածք է ստացել դեմքի հատվածում: Գազի արտահոսքից դեկտեմբերի 31-ին, Թբիլիսիում երիտասարդ տղամարդ է մահացել, իսկ դեկտեմբերի 10-ին, Մառնեուլի քաղաքում 15-ամյա աղջիկ է մահացել: Այս շարքը մեծ է, սակայն դեռև մեղավորներ չկան:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հունվարի 18-ին անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ «Շենքի շահագործումից ի վեր, բնական գազի ցանցի անվտանգության ստուգումը չի գտնվում քաղաքային տեսչության քաղաքապետարանի իրավասության մեջ»:

Այս հայտարարությունը քաղաքական գործիչների, փորձագետների և ֆեյսբուքյան օգտատերերի քննարկման առարկա է դարձել. «Այս դեպքում ո՞վ է մեղավորը, ո՞վ պետք է հետևի անվտանգությանը»:

Նշենք նաև, որ դեպքի կապակցությամբ մեծ ակտիվություն է գրանցվել ինչպես Թբիլիսիի բնակիչների, այնպես էլ նաև սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից: Մեծ Դիղոմիում գտնվող հյուրանոցի սեփականատերը անվճար 5 համար է առաջարկում տեղահանված բնակիչներին, ոմանք ուտելիք և հագուստ են տարել, իսկ ֆեյսբուքյան օգտատերերը գրում են, որ պատրաստ են հյուրընկալության համար:

Սրա հետ մեկտեղ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները: Հայտարարությունում ընկերությունը նշում է, որ. «Վերջին շրջանում մի շարք երկրներում տեղի են ունեցել դժբախտ պատահարներ և արտակարգ դեպքեր, որոնց պատճառը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է բնական գազից անվտանգ օգտվելու կանոնների, գազասպառման համակարգերի շահագործման պայմանների խախտումը: Մասնավորապես, նման դեպքեր՝ բազմաթիվ մարդկային զոհերով, գրանցվել են Ռուսաստանի Մագնիտոգորսկ և Շախտի քաղաքներում, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում»: