Դպրոցական համազգեստի նմուշների փորձաքննությունը կիրականացվի Վրաստանում. ԿԳ նախարար

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիվի Միքանաձեի խոսքով՝ այս տարի պարտադիր համազգեստները դպրոցներ կհասցվեն երեք փուլով, իսկ սեպտեմբերի 15-ին՝ ուսումնական տարվա առաջին օրը, բոլոր առաջին դասարանցիները դպրոց կգնան վրացական նոր համազգեստով։

Նրա խոսքով՝ դպրոցական համազգեստի գինը կորոշվի առաջիկայում և ավելի էժան կլինի մասնավոր դպրոցների համազգեստներից։ Հունիսի 30-ին Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում նախարարը նաև խոսել է համազգեստի որակի և գործվածքի կազմի մասին։

Գիվի Միքանաձեի խոսքով՝ «հանրությունը ողջունում է այս նախաձեռնությունը» և «համազգեստը կլինի ամենաբարձր որակի»։ Նրա խոսքով՝ այս տարի առաջինից մինչև վեցերորդ դասարանի աշակերտները կսկսեն համազգեստ կրել, և յուրաքանչյուր հաջորդ տարի կավելացվի մեկ դասարան։

Նա նաև ասել է, որ «դպրոցական համազգեստի մոդելները համապատասխանում են միջազգային չափանիշներին», և «հանձնաժողովը աշխատել է համազգեստի տեսողական և բովանդակային մասի վրա», իսկ նմուշների փորձաքննությունը կիրականացվի Վրաստանում։

«Սա հակաալերգիկ գործվածք է, կօգտագործվի պոլիեսթեր։ Պոլիեսթերը ակտիվորեն օգտագործվում է միջազգային պրակտիկայում, բայց գործվածքի մեջ կօգտագործվեն նաև այլ կոնցենտրացիաներ՝ տարբեր բնական նյութերի հետ միասին, և սա համապատասխանում է ընդհանուր պրակտիկայում սահմանված չափորոշչին, որը պահպանում է համազգեստը մաշվելուց, և ամենակարևորը՝ բոլոր համազգեստները` բաճկոն լինի, տաբատ, թե կիսաշրջազգեստ, ունեն աստառ, որը հակաալերգիկ է», — ասել է Միքանաձեն։