Թոքերի քաղցկեղի բուժզննման (սքրինինգ) ֆինանսավորման ծրագրի մեկնարկից ի վեր 2761 քաղաքացի հետազոտվել է, Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ այս ծրագրի իրականացումը նախընտրական խոստում էր, որի մեկնարկից հետո քաղաքացիները կարողացել են անցնել համապատասխան բուժզննում լիովին անվճար։
«Թոքերի քաղցկեղի բուժզննումը լիովին անվճար է քաղաքացիների համար, և դա հոգում է մայրաքաղաքի քաղաքապետարանը։ Թոքերի քաղցկեղի բուժզննման ֆինանսավորման ծրագրի մեկնարկից ի վեր՝ մայիսի 1-ից մինչ օրս, 2761 քաղաքացի հետազոտվել է։ Նրանցից 1397-ը տղամարդիկ են, իսկ 1364-ը՝ կանայք», — ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ մեկ հիվանդի հետազոտության համար հատկացվում է 175 լարի, և ծրագիրն այժմ սպասարկում է 27 բժշկական հաստատություն։