Դպրոցականների սպանությունից 2 տարի է անցել. Սարալիձեն դեռ պայքարում է

Խորավա փողոցում դաժանաբար սպանված 16-ամյա Դավիթ Սարալիձեի հոր՝ Զազա Սարալիձեի վրանը արդեն երկու տարի է խորհրդարանի դիմաց է: 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամերին` դասամիջոցի ընթացքում Թբիլիսիի 51-րդ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների միջև զուգարանում կռիվ էր սկսվել: Նրանք պայմանավորվել էին դասերի ավարտին հանդիպել դպրոցի հետնամասում:

Նույն օրը` ժամը 14:00-ին, դպրոցի մոտ հավաքվել են նաև 11-րդ դասարանցիները և նրանց ընկերները: Հարաբերությունները պարզելու համար տղաներն ընտրել են Խորավա փողոցի բնակելի տներից մեկի բակը: Վիճաբանությանը հետևել է ֆիզիկական բախում, կռվի ընթացքում աշակերտներից մեկը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Դավիթ Սարալիձեին և Լևան Դաթունաշվիլիին, ապա փախուստի դիմել: Ստացած վնասվածքներից Լևան Դաթունաշվիլին մահացավ մինչ հիվանդանոց տեղափոխելը, իսկ Սարալիձեն երկրորդ օրը՝ հիվանդանոցում:

2017թ-ի դեկտեմբերի 2-ին իրավապահները Թբիլիսիում ձերբակալեցին Գ.Բ.-ն: Դեկտեմբերի 3-ին նրան մեղադրանք ներկայացվեց: Նույն ընթացքում հեռակա մեղադրանք ներկայացվեց նաև երկրորդ կասկածյալին, միջոցներ ձեռնարկվեցին նրա գտնվելու վայրը պարզելու համար:

Այսօր, երբ լրանում է Դավիթ Սարալիձեի սպանության երկու տարին, նրա հայրը՝ Զազա Սարալիձեն, սոցիալական ցանցի իր էջում բաց նամակ է հրապարակել՝ նվիրված որդուն:

«Երկու տարի է անցել այդ սարսափելի օրից, երբ ես վերջին անգամ տեսա քեզ քո անկողնում և վերջին անգամ ճանապարհեցի այն դպրոց, որը դու շատ էիր սիրում:
Էլ ի՞նչ ասեմ, չգիտեմ…», — գրում է Զազա Սարալիձեն:

Դեպքը քննելու համար խորհրդարանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, բայց անարդյունք: Փաստ է, որ Սարալիձեն մինչ այսօր պահանջում է գտնել մեղավորներին: Դեպքի համար ոչ ոք չի պատժվել: