Ընդունելության քննություններին վարքագծի ի՞նչ կանոններ պետք է պահպանեն դիմորդները

Վրաստանում հուլիսի 6-ին վրաց լեզվի և գրականության քննությամբ կմեկնարկեն միասնական ազգային քննությունները: Մագիստրոսական քննությունները տեղի կունենան օգոստոսի 1-ից 4-ը: 2020 թվականի միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 55 հազար դիմորդ և ուսանող:

Համաճարակի պայմաններում քննությունների անվտանգ անցկացման համար Վրաստանի ԿԳ նախարարությունը մշակել է հատուկ վարքագծի կանոններ, որոնց պետք է հետևեն դիմորդները: Ստորև ներկայացնում ենք այդ կանոնները: 

«Քննության վարքագծի կանոնները ծառայում են  բոլոր քննություն հանձնողների  իրավունքների և  շահերի պաշտպանությանը: Այս կանոններով ապահովվում են քննության սեկտորում աշխատանքային պայմանների ստեղծումը և  գործընթացի արդարացի և օբյեկտիվ  ուղղորդումը:

Թեստավորման ժամանակ պարտավոր եք  պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված կանոնները. դրե’ք դիմակ, քննական գործընթացին  մասնակցող այլ անձանց հետ պահպանե’ք  սոցիալական հեռավորություն, մատնանշման դեպքում՝ մշակե’ք ձեռքերը ախտահանիչ լուծույթով:

Նկատի ունեցեք այն, որ նստարանի վրա չպետք է տեղադրեք ոչ մի իր, բացի այն  իրերից, որոնք  բաժանվել են ձեզ մինչև քննության  սկսվելը: Պլաստմասե շշով ջուրը  կարող եք  դնել հատակին:

Պատասխանների թերթը  ուշադրությամբ  վերանայեք հսկիչի կամ դիտորդի հետ միասին, որպեսզի համոզվեք, որ այն վնասված չէ, որից հետո  սեկտորի ամփոփագրում ստորագրեք  չվնասված Պատասխանների  թերթ ստանալու  վերաբերյալ (թերություններ ունեցող Պատասխանների թերթը կփոխվի):

Պատասխանների թերթի վրա  հսկիչի կամ դիտորդի կողմից  փակցված ծածկագծիկի՝  շտրիխ-կոդի  համարը  անձամբ փոխադրեք  սեկտորի  ամփոփագրի համապատասխան սյունակի մեջ:

Հսկիչին կամ  դիտորդին կարող եք  դիմել միայն  ձեռքը բարձրացնելով:

Թեստի վրա աշխատանքը կարելի է  սկսել միայն  այն բանից հետո, երբ դիտորդը կամ հսկիչը  կտան  ցուցում, և կսկսվի քննության ժամանակի  հաշվարկը:

Եթե ժամանակից շուտ ավարտեք թեստի վրա աշխատանքը և Պատասխանների թերթի լրացումը, ձեռքը  բարձրացնելով նշան արեք  դիտորդին կամ հսկիչին, ում   սահմանված կարգով կհանձնեք  սևագրության համար հատկացված թերթերը և Պատասխանների թերթը, ինչը կհաստատեք ամփոփագրում  ստորագրությամբ, և  միայն դրանից հետո  կթողնեք  քննության սեկտորը:

Քննության ավարտից 10 րոպե շուտ  դիտորդը կամ հսկիչը  կհիշեցնեն ժամանակի մասին, որպեսզի  թեստի վրա աշխատանքն ավարտեք ժամանակին:

Հավելյալ Ժամանակ ոչ մեկին չի տրվի (բացի  այն անձանցից, որոնք բժշկական տեղեկանքով  հավաստված գործառույթային առումով թերություններ  ունեն):

Քննվողը  նախազգուշացում կստանա հետևյալ դեպքերում.

  • հսկիչին կամ դիտորդին թեստի  բովանդակության հետ կապված հարցեր առաջադրելու,
  • քննական գործընթացի ժամանակ զրույցի, իրար հետ  խոսելու կամ  որևէ ձևով  միմյանց օգնելու փորձի,
  • մինչև  դիտորդի կամ հսկիչի  ցուցումը թեստի  վրա աշխատանքը սկսելու,
  • քննության ժամանակի  սպառվելուց հետո թեստի վրա  աշխատանքը շարունակելու,
  • աշխատանքի տեղը առանց թույլտվության թողնելու,
  • բացի թույլատրված իրերից աշխատանքային սեղանին այլ իրեր  հայտնաբերելու,
  • Պատասխանների թերթը լրացնելու համար  կենտրոնի կամ կենտրոնի կողմից  թույլատրված գրիչից  բացի այլ գրիչ օգտագործելու,
  • Պատասխանների թերթի վրա նույնականացնող նշան (անուն, համար, հասցե և այլն) կամ որևէ  տեսակի այնպիսի գրաֆիկական  պատկերներ (ֆիգուր, մակագրություն և այլն) դնելու համար,  որը  կապված չէ  թեստային առաջադրանքի հետ։                          Մեկ նախազգուշացումից հետո նույն կամ ցանկացած այլ խախտում կրկնելու դեպքում  քննվողը  կհեռացվի  քննությունից:

Քննությունից  առանց նախազգուշացման անձը կհեռացվի .  

  • բառարան, բջջային հեռախոս, հաշվիչ կամ այլ էլեկտրոնային սարք (այդ թվում ժամացույց)  քննության  բերելու և դրանք թեկուզև  անջատված վիճակում  հայտնաբերելու դեպքում,
  • օժանդակ նյութ կիրառելու կամ հայտնաբերելու դեպքում,
  • կարգապահությունը կոպիտ խախտելու, նաև քննական գործընթացին  մասնակցող անձին վիրավորելու կամ նմանատիպ այլ  դեպքերում,
  • ալկոհոլի, թմրեցուցիչ կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո  գտնվելու դեպքում,
  • նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված  կանոնները  խախտելու դեպքում կարվի դիտողություն և մատնացույց կարվի  կանոնների  պաշտպանության  անհրաժեշտության մասին: Նշված դիտողությունը  չկատարելու  դեպքում  կհեռացվեք քննությունից,
  • քննություն հանձնողը պետք է ենթարկվի քննության հսկիչի, դիտորդի կամ այլ պատասխանատու  անձի  որոշմանը,  այդ թվում քննութունից  հեռացվելու մասին,
  • քննության գործընթացի մասնակից որևէ անձի/անձանց կողմից սահմանված ընթացակարգերի  խախտման դեպքում, իրավունք ունեք  նույն օրը  ներկայացնել  բողոքի հայտ քննության կենտրոնի շենքում:
Մաղթում ենք հաջողություն:»