«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» (EPP) «խոր մտահոգություն է հայտնում «Միացյալ ազգային շարժման» ևս մեկ առաջնորդի՝ Գիորգի Բարամիձեի ձերբակալության կապակցությամբ»` կատարվածը որակելով քաղաքական հետապնդում։
EPP-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել արևմտամետ ընդդիմության քաղաքական հետապնդումը և ազատ արձակել Գիորգի Բարամիձեին։
«Կուսակցությունը խոր մտահոգություն է հայտնում «Միացյալ ազգային շարժման» ևս մեկ առաջնորդի՝ Գիորգի Բարամիձեի քաղաքականապես մոտիվացված ձերբակալության կապակցությամբ, որը երկար տարիներ Վրաստանի եվրոպական ձգտումների ակտիվ պաշտպանն է։
EPP-ին քաջ հայտնի է նրա անձնական ներդրումը Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրման գործում, որը նա հետևողականորեն իրականացրել է ինչպես կառավարությունում, այնպես էլ ընդդիմադիր գործունեության շրջանում։ Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել ընդդիմության քաղաքական հետապնդումը և ազատ արձակել Գիորգի Բարամիձեին ու Վրաստանում առկա մյուս քաղբանտարկյալներին»,- նշված է հայտարարության մեջ։
Բարամիձեին իր տանը ձերբակալել են սեպտեմբերի 11-ին։
Դատախազությունը Գիորգի Բարամիձեին մեղադրանք է առաջադրել սաբոտաժի հոդվածով։
Քննչական մարմինը քաղաքական գործչի ձերբակալության առիթ է նշում հուլիսին Իագո Խվիչիայի «Վրաստանի ծնունդը» հաղորդաշարում Աբխազիայի պատերազմի վերաբերյալ արած հայտարարությունը։