Ֆերմերներին աջակցելու նոր ծրագրի մանրամասները

Վրաստանում կմեկնարկի հողագործությամբ զբաղվող ֆերմերների օգնության ծրագիր։ Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական նշանակության հողերի սուբսիդավորման չափը սահմանվել է մեկ հեկտարի համար 300 լարի, որը ֆերմերները կկարողանան օգտագործել գյուղատնտեսական գործունեության նպատակով անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար: Սուբսիդավորում կստանան 0,25 հա-ից մինչև 1,25 հա գրանցված հողամաս ունեցող ֆերմերները։ Այս մասին հաղորդագրություն է տարածում Վրաստանի կառավարությունը։

Համաձայն հաղորդագրության՝ շահառուները կստանան սուբսիդավորում՝ հատուկ գյուղատնտեսական քարտերի վրա միավորների տեսքով։

«Ալիք Մեդիան» կապ հաստատեց Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության հետ, նախարարությունից պարզաբանեցին, որ հիմանական պահանջն է՝ ունենալ 0․25-1․25 հա հողատարածք և գրանցվել՝ ֆերմերների բազայում։ Նրանց փոխանցած տեղեկության համաձայն՝ ծրագիրը կգործի Վրաստանի բոլոր մարզերում, այդ թվում Սամցխե-Ջավախեթիի մարզում։ Անկախ նրանից, թե որ մունիցիպալիտետում է գրանցված քաղաքացին և որտեղ է գտնվում իր հողամասը, նա կարող է ստանալ սուբսիդավորումը։

Այլ մանրամասներ հայտնի կդառնան առաջիկա օրերին։ Սուբսիդավորում ստանալու համար ֆերմերը պարտավոր է գրանցվել Ֆերմերների համընդանուր բազայում (թեժ գիծ 1501):