Geostat. Վրաստանում տարեկան գնաճը հուլիսին կազմել է 5.5%

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության (Geostat) տվյալներով՝ 2026 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է -0.4 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճել է 5.5 տոկոսով։

Ծառայության փոխանցմամբ՝ հուլիսին տարեկան բազային գնաճի ցուցանիշը կազմել է 3.8 տոկոս, իսկ առանց ծխախոտի տարեկան բազային գնաճը սահմանվել է 3.5 տոկոս։

Մեկամսյա կտրվածքով (2026 թվականի հունիսի համեմատ) գների նվազման վրա հիմնական ազդեցությունն ունեցել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների խումբը։ Այս խմբում գնանկումը կազմել է 0.9 տոկոս, ինչն ամսական ընդհանուր գնաճի վրա արտացոլվել է -0.3 տոկոսային կետով։ Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել բանջարեղենի և բոստանային մշակաբույսերի 12.3 տոկոսանոց, նաև մրգի ու խաղողի 2.8 տոկոսանոց էժանացմամբ։ Նույն ժամանակահատվածում 4.9 տոկոսով գները նվազել են հագուստի և կոշկեղենի խմբում. հագուստն էժանացել է 6.4 տոկոսով, իսկ կոշկեղենը՝ 2.4 տոկոսով։ Հակառակ դրան, ամսական կտրվածքով գներն աճել են 0.8 տոկոսով բնակարանի, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի ոլորտներումում, որտեղ աճը հիմնականում կապված է բնակարանի փաստացի վարձավճարի (2.3%) և ընթացիկ նորոգման (1.3%) հետ։

Տարեկան ցուցանիշով (2025 թվականի հուլիսի համեմատ) թանկացման ամենաբարձր տեմպն արձանագրվել է տրանսպորտի ոլորտում. գներն աճել են 14.2 տոկոսով և տարեկան գնաճի մեջ ունեցել 1.66 տոկոսային կետի ավանդ։ Այս ոլորտում 20.1 տոկոսով թանկացել է անձնական տրանսպորտային միջոցների շահագործումը, իսկ տրանսպորտային ծառայությունների գներն աճել են 10.8 տոկոսով։

Տարեկան գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել նաև սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների ոլորտը. գներն աճել են 4.9 տոկոսով և ընդհանուր ինդեքսում ապահովում են 1.74 տոկոսային կետ։ Սննդամթերքից տարեկան կտրվածքով ամենաշատը թանկացել են ձկնեղենը (18.2%), միսն ու մսամթերքը (9.2%), հացն ու հացամթերքը (8.1%), ձեթն ու ճարպերը (7.6%), նաև սուրճը, թեյն ու կակաոն (6.4%)։ Սննդամթերքի կազմում միակ ենթախումբը, որտեղ արձանագրվել է տարեկան էժանացում, բանջարեղենն ու բոստանային մշակաբույսերն են (-5.7%)։

Տարեկան կտրվածքով 8.3 տոկոսով գներն աճել են նաև բնակարանի, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի խմբում. էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գինն աճել է 10.4 տոկոսով։ Առողջապահության ոլորտում գների տարեկան աճը կազմել է 4.7 տոկոս, ինչը պայմանավորված է բժշկական ապրանքների, ապարատուրայի և սարքավորումների 7.7 տոկոսանոց թանկացմամբ։