«Գիրչի»-ի գովազդը PornHub կայքում

Վրաստանի նախագահի թեկնածու, «Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում գովազդ է հրապարակել ամենահայտնի պոռնո կայքում՝ PornHub-ում: Սոցիալական ցանցերում վերոնշյալ տեղեկության տարածումից հետո Ջափարիձեն հաստատել է տեղեկությունը:

Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքերով, կայքում տեղադրվել է երկու պաստառ՝ «Չափսեր մեծացնել չեմ խոստանում», «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն» վերտառություններով:

Ջափարիձեն պոռնոկայքում նախընտրական քարոզարշավն անցկացնելը «սովորական բիզնես որոշում» է որակել: Ինչպես ասել է նախագահի թեկնածուն, սեպտեմբերի 8-ին մեծերի համար նախատեսված կայքում տեղադրված գովազդը 4 ժամվա ընթացքում հավաքել է 40 հազար դիտում:

«Վրաստանի մեկ օգտատեր տվյալ կայքում անցկացնում է միջինում 8-9 րոպե: Այդ ընթացքում նա կարող է նկատել իմ գովազդային պաստառը: Իմ կարծիքով, սա հազար անգամ ավելի արդյունավետ գովազդ է, քան միասին վերցված բոլոր թեկնածուների հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդ-բեմադրությունները»,- ասել է Ջափարիձեն:

«Գիրչի» կուսակցությունը հայտնի է նման անսովոր որոշումներ կայացնելու փորձով: Մարիխուանայի ապաքրեականացման, իսկ դրանից հետո՝ օրինականացման համար պայքարը սկսել էր հենց այս կուսակցությունը: «Գիրչին» նաև հանդես էր եկել Վրաստանում մարմնավաճառությունն օրինականացնելու նախաձեռնությամբ: Մինչ այդ կուսակցությունը հիմնել էր «Աստվածաշնչյան ազատություն- քրիստոնեական, բողոքական եկեղեցի» կազմակերպությունը, որտեղ անդամագրելով երիտասարդներին՝ կրոնական պատճառներով ազատում է նրանց պարտադիր զինծառայությունից: