Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հանդիպել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին. վերջինս պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում իր պատվիրակության հետ, հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ կողմերը կենտրոնացել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև սերտ և արդյունավետ համագործակցության վրա։ Քննարկվել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության ընթացիկ նախագծերը և ապագա ծրագրերը։
Երկու երկրների նախարարներն ընդգծել են ոստիկանական համագործակցության շրջանակներում տեղեկատվության ու փորձի փոխանակման կարևորությունը և որոշակիացրել երկկողմ համագործակցության հետագա խորացման առաջնահերթությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հանցագործության դեմ պայքարում համագործակցությանը և սահմանամերձ շրջանների ոստիկանական ստորաբաժանումների միջև սերտ գործընկերային հարաբերություններին։
Հանդիպման ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ վրացական կողմը միշտ պատրաստ է խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ մի շարք ոլորտներում։
Ներքին գործերի նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ռոնի Մեսխին և նախարարության մի շարք բաժանմունքների ղեկավարներ։
Այցի շրջանակում երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ են դրել ՆԳՆ տարածքում գտնվող ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։