Հետախուզվող քաղաքացին Վրաստանում ձերբակալվել է

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ սերտ համագործակցությամբ, ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձի։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածը կրկնակի քաղաքացիություն ունի՝ ԱՄՆ-ի և Ուզբեկստանի Հանրապետության, և մեղադրվում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը նյութական աջակցություն ցուցաբերելու և դավադրության համար։

Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի որոնողական բաժնի աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ երկրներից մեկից Վրաստան ժամանելուն պես։

Ըստ ամերիկյան իրավապահ մարմինների` հետախուզվող անձը Միացյալ Նահանգներում խումբ է կազմել և ստեղծել ֆինանսական աջակցության ցանց, որը ղեկավարել է ինքը։ Խումբն ակտիվ նյութական, տեխնիկական և ֆինանսական օգնություն է ցուցաբերել Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին, դրանց թվում՝ «Իսլամական պետությանը»։ Նախկինում դատապարտվածներին նա կոչ է արել մեկնել Սիրիա կռվելու և առաջարկել է ֆինանսական օգնություն։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ներկայումս ընթանում են ձերբակալվածի արտահանձնման ընթացակարգեր՝ նրան Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար։