ՀՀ և Վրաստանի Օմբուդսմենները քննարկել են ՀՀ քաղաքացիների քրեական գործերը

 


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր վրաց գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանում ծեծի ենթարկված ՀՀ երկու քաղաքացու քրեական գործի մանրամասները:

ՀՀ քաղաքացիները այս պահին գտնվում են Հայաստանում: Վրաստանի Օբմուդսմեն Նինո Լոմջարիան խոստացել է ուշադրություն դարձնել քրեական գործի ընթացքին՝ հետագայում նմանատիպ միջադեպերից խուսափելու նպատակով։

Մի քանի օր առաջ ինձ է հասցեագրվել դիմում այն մասին, որ Հայաստանի երկու քաղաքացի մի քրեական գործով Վրաստանում ներգարվված են՝ որպես վկա, նրանցից իրավապահ մարմինները վերցրել են անձնագրերը ու նրանք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Քրեական վարույթը հարուցվել է ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում ուղևորափոխադրում իրականացնելիս: Քրեական գործը գտնվում է քննության փուլում և վաղը նշանակված է դատական նիստ դատարանում: Մեր երկու համաքաղաքացիները պետք է հարցաքննվեն վկայի կարգավիճակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմել են նրանց եղբայրները՝ մտահոգված լինելով քրեական գործով իրենց ազգականների կարգավիճակի ու վերադարձի հարցով։

Լոմջարիան հայ գործընկերոջը տեղեկացրել է, որ հարցը քննարկել է  նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության ու դատախազության հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին ևս վրաց֊ռուսական սահմանի հարակից տարածքում միջադեպ է եղել  ՌԴ֊Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների ու տեղացիների միջև։  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է նաև այս թեմային՝ նշելով, որ այդ դեպքից  ևս տեղեկացված է։