Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի օրը Վրաստանում

Այսօր՝ մայիսի 17-ին միջազգային հասարակությունը նշում է Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի օրը: Վրաստանում այս օրը սովորաբար զուգորդվում է կրկնակի միջոցառումներով` LGBTQ անձանց իրավունքները պաշտպանողների ու, միևնույն ժամանակ, տարիներ առաջ պատրիարքարանի կողմից նշվող «Ընտանիքի սրբության օրվա» կապակցությամբ երթերով:

Այս տարի սակայն, Վրաստանում հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի ուղղությամբ երթ, կամ ցույց չի անցկացվում: Հոմոֆոբիայի դեմ պայքարող վրաստանյան Tbilisi Pride կազմակերպությունն այս տարի սահմանափակվում է մի շարք այլ միջոցառումներով, ինչպիսիք են հոմոֆոբիայի դեմ մեդիաքարոզարշավը, պանելային քննարկումները և այլն:

Օրվա հետ կապված հայտարարությամբ են հանդես եկել որոշ կառույցներ ու հասարակական կազմակերպություններ: Օրվան անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատունը.

«Մենք կանգնած ենք Վրաստանում ԼԳԲՏ համայնքի կողքին…

Ամենակարևորը բոլոր մարդկանց համընդհանուր իրավունքների պաշտպանությունն է: Մենք կշարունակենք աշխատել ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան օգտվել հավասար իրավունքներից և ապրել արժանապատվորեն, առանց խտրականության…», — ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Ըստ վերջերս Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրականացրած հետազոտությունների՝ Վրաստանում ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքը նվազում է, սակայն նրանց իրավունքների պաշտպանությունն ու իրացումը մնում է էական մարտահրավեր։

Հիշեցնենք, որ Վրաստանում մայիսի  17-ը սովորաբար լարված է անցնում: Սկսած 2013 թվականից, երբ մայիսի 17-ին Թբիլիսիում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց պաշտպանության համար փողոց դուրս եկած ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառվեց, վերջացրած մինչև նախորդ տարի ռիսկերի պատճառով մի քանի անգամ հետաձգված Փրայդը՝ հպարտության երթը, երբ ծայրահեղականորեն տրամադրված խմբերը ծեծի ենթարկեցին ավելի քան հիսուն լրագրողի, որոնցից մեկին օրեր անց մահացած գտան: Նախորդ տարվա իրադարձությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝

Արժեքների բախում, թե՞ ուղղորդված ծայրահեղականություն․ Թբիլիսիի միջադեպերի հետքերով

2013 թվականի իրադարձությունները ՄԻԵԴ-ը որակել է «աննախադեպ» և Վրաստանին պարտավորեցրել է 193․500 եվրո վճարել, քանի որ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրը բռնություն է իրականացվել Վրաստանում՝ «իշխանությունների լուռ համաձայնությամբ»։

Նշենք, որ 2013 թվականի մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, Թբիլիսիի Պուշկինի հրապարակում ակցիա էին անցկացնում ԼԳԲՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ակիվիստներ, որոնք սակայն հանդիպեցին հոգևորականների գլխավորությամբ՝ ծայրահեղական խմբերի դիմադրությանը։ Բախումների ժամանակ մի քանի ցուցարար վիրավորվել էր, ինչին ոստիկանությունը չի արձագանքել։

Միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծում են, որ 2013թ. մայիսի 17-ի բռնությունը պայմանավորված էր անպատժելիությամբ։