1918-ի այս օրը վրացիները պահանջում են հայերից ու թուրքերից լքել փոխարքայի պալատը

Հետազոտությունների Անի կենտրոնի նյութն արտատպում ենք` առանց մեկնաբանության

2018թ. մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Թբիլիսիի Երիտասարդության պալատում (Վորոնցովյան պալատ), որը ցարական ժամանակներում եղել է փոխարքայի պալատը և մի կարճ ժամանակ՝ Անդրկովկասյան Սեյմի գումարման վայրը, բացվեց հուշատախտակ՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակի: Հայկական ցուցատախտակի կողքին ավելի վաղ բացվել էին վրացական և ադրբեջանական ցուցատախտակները: Ներկայացնում ենք մի քանի արխիվային փաստաթղթեր, որոնք հավելյալ լույս են սփռում ինչպես հայ-վրաց, այնպես էլ հայ-մահմեդական/ադրբեջանական հարաբերությունների անցյալի վրա:

ԱՆԻ կենտրոն 

Անդրկովկասյան երեք հանրապետությունների փաստացի անկախության հռչակումից մի քանի օր անց՝ հունիսի 1-ին, Վրաստանի ռազմական նախարար Գեորգաձեն Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ահարոնյանին հղած գրավոր տեքստով անթույլատրելի է համարում «Վրաստանի տարածքում օրենսդիր և վարչական գործառույթներով օժտված որևէ այլ քաղաքական մարմնի գոյությունը», քանի որ դա նշանակում է «վրացական ժողովրդի ինքնիշխան իրավունքների խախտում»։1

Վրացիները հայ գործիչերից բացի, նույնն անում են թաթարների՝ ադրբեջանցիների հանդեպ, այն է՝ Թիֆլիսից հեռանալ, մինչդեռ և հայերը, և թաթարները չէին շտապում։ Ապա վրացիները հայերից և ադրբեջանցիներից պահանջում են անմիջապես լքել նաև Անդրկովկասի Դաշնային Հանրապետության ղեկավարության նստավայրը՝ նախկին փոխարքայի պալատը։ Հայերը հեռանում են, ադրբեջանցիները՝ համառում. վրացիները նրանց հեռացնում են ուժով։

Այդ մասին ասվում է հունիսի 2-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և նրա նախագահ Ավետիս Ահարոնյանի՝ Երևանի Ազգային խորհրդին հղած նամակում. «Վրացիները պահանջեցին անմիջապես պալատից հեռանալ: Մենք հեռացանք՝ նախքան մեզանից պահանջեին, թուրքերը համառեցին, բայց այսօր նրանց պարզապես վռնդել են»։2

Նույն օրը՝ հունիսի 2-ին Թիֆլիսի Հայոց և Մուսուլմանական ազգային խորհուրդները համատեղ նիստում որոշում են ընդունում, որ «յուրաքանչյուր խորհուրդ կշարունակի մնալ Թիֆլիսում այնքան ժամանակ, ինչքան դա անհրաժեշտ կլինի իրերի բերումով»։3

Ահարոնյանը նամակում նաև գրում է, որ «հայ և թուրք [թաթար, ադրբեջանցի] պատվիրակները միասին ժողովներ են անում՝ մի ընդհանուր վարմունքի գիծ ունենալու, քանի որ երկուսի շահերն էլ ընդհանուր են: Ռուսաստանի հեռանալով և Վրաստանի անկախանալով՝ հայերն ու թուրքերը կարծես մենակ մնալով մոտենալ են փորձում իրար: Գուցե՞ այս ճանապարհով մեզ ավելի նպաստավոր լինի և թուրքերի շնորհիվ հաջողվի մեզ տաջիկների [օսմանյան թուրքերի] վայրագությունը մեղմել և ապահովել հայ տարրի ֆիզիկական գոյությունը»։4

Ի վերջո, և հայ, և մուսուլման՝ թաթար գործիչները շաբաթներ անց հեռացան Թիֆլիսից, հայերը՝ դեպի Երևան, թաթարները՝ այսօրվա Գյանջա, քանի որ Բաքուն գտնվում էր Ստեփան Շահումյանի իշխանության տակ։

1. ՀԱԱֆ. 200, ց. 1, գ. 17, թ. 7: ԲնագիրՄեքենագիր, «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 40, կազմող՝ Համո Սուքիասյան
2. ՀԱԱ, ֆ. 289, ց.1, գ.11, թ.1-2: Պատճեն, Ձեռագիր: «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 42, կազմող՝ Համո Սուքիասյան
3. ՀԱԱֆ. 222, ց. 1, գ. 120, թ. 58 շրջԲնագիրՁեռագիր, «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 44, կազմող՝ Համո Սուքիասյան
4. ՀԱԱ, գֆ. 289, ց.1, գ.11, թ.1-2: Պատճեն, Ձեռագիր: «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 42, կազմող՝ Համո Սուքիասյան