Տեսանյութ. Հայաստանի հետ ցամաքային սահմանը բաց է նաև Վրաստանի քաղաքացիների համար. կառավարություն

Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները: Օտարերկրյա այցելուների համար սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու դեղաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն 3-րդ օրը նորից թեստ հանձնել:

Այսօր Վրաստանի կառավարությունից «Ալիք Մեդիային» հայտնեցին, որ հայ-վրացական սահմանը արդեն առանց թույլտվության կարող են հատել նաև Վրաստանի քաղաքացիները: Նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում կառավարությունից նշել էին, որ սահմանը հատելու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ:

«Այս պահի դրության Հայաստանը արդեն ընդունում է Վրաստանի քաղաքացիներին: Սահմանը Վրաստանի քաղաքացիների համար բաց է և առանց արգելք կարող են հատել այն՝ բավարարելով Հայաստանի կողմից սահմանված հատուկ պայմանները կապված թեստի և այլ կարգավորումների հետ», — մեզ հետ զրույցում նշեցին կառավարության թեժ գծից:

2020 թվականի մարտի սկզբից Վրաստանում կորոնավիրուսի մի քանի դեպք հաստատվելուց հետո կառավարությունը երկրում որոշ սահմանափակումներ մտցրեց՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին` հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը: