Վարչապետի տանը բեռնատարով հարվածողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Սիղնաղիի շրջանային դատարանը Դեդոփլիսծկղարոյում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տաը բեռնատարով բախված 33-ամյա Գիորգի Գոչիտաշվիլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Գոչիտաշվիլին հրաժարվում է փաստաբանի ծառայություններից: Նա ունի պետության կողմից նշանակված փաստաբան՝ Արչիլ Տուխաշվիլին։ Դատախազությունը, սակայն, միջնորդել է, որ մեղադրյալը պետք է ունենա իրավունքների պաշտպան. դատարանը չի բավարարել այս պահանջը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին Դեդոփլիսծկղարոյում: Դեպքից մի քանի ժամ անց իրավապահները Թբիլիսիում ձերբակալել են Գոչիտաշվիլիին։

Ըստ «Մթավարի արխի»-ի՝ Գոչիտաշվիլին Ղարիբաշվիլիի հորից՝ Տարիել Ղարիբաշվիլիից շինանյութ է խնդրել, իսկ վերջինս, երբ հրաժարվել է, Գոչիտաշվիլին ընկերոջը պատկանող բեռնատարով հարվածել է վարչապետի տան դարպասներին։

Տեղեկությունների համաձայն՝ Գոչիտաշվիլին մինչ ձերբակալությունը, ճանապարհին ևս մի քանի ավտոմեքենա է վնասել է, այդ թվում՝ ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենա։