Հյուրընկալության ոլորտում աշխատող որակյալ անձնակազմի 30%-ը լքել է Վրաստանը. Շալվա Ալավերդաշվիլի

Համաճարակի սկսվելուց հետո հյուրընկալության ոլորտում աշխատող որակյալ անձնակազմի 30%-ը լքել է Վրաստանը, իսկ ոմանք տեղափոխվել են այլ ոլորտներում աշխատելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է «Հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի» հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլին։

Ալավերդաշվիլիի խոսքով՝ արտագաղթը պայմանավորված է հյուրընկալության ոլորտում համաճարակի պատճառով ստեղծված անկայուն միջավայրով.

«Մենք անձնակազմի հետ կապված մեծ խնդիր ունենք։ Ավելի քան 100 000 աշխատող, կորցրեց աշխատանքը կորոնավիրուսի բռնկման ժամանակ։ Որակյալ կադրերի 30%-ը մեկնել է արտերկիր։ Մնացածները՝ բավականին մեծ թվով, տեղափոխվել են այլ ոլորտ և այս փուլում իրենց ավելի պաշտպանված են զգում այնտեղ: Մենք ցանկանում ենք հավատալ, որ համաճարակի ավարտից հետո՝ անձնակազմը կվերադառնա մեր ոլորտ»,- ասել է Ալավերդաշվիլին։

Ալավերդաշվիլին նաև ամփոփել է 2021 թվականին ռեստորանների և հյուրանոցների զբաղվածությունը և զբոսաշրջիկների ակտիվությունը` նշելով, որ հատկապես մեծ թվով զբոսաշրջիկներ են ժամանել անցյալ տարվա հուլիսին, սակայն «գերծանրաբեռնված հատվածը գրեթե չի կարողացել սպասարկել այդ հյուրերին», որի պատճառը բավարար կադրեր չլինելն է եղել հավանաբար։

«Աշխատակազմի գրեթե 40%-ով են ստիպված եղել ծառայություններ մատուցել հյուրերին, ինչն էլ հանգեցրել է բավականին վատ մեկնաբանությունների, թե Վրաստանում սպասարկման մակարդակը համեմատաբար ցածր է»,- ասել է Ալավերդաշվիլին։

Կադրերի պակասի պատճառը, ըստ նրա, ռեստորանների ու հյուրանոցների՝ որպես աշխատանքի վայրի նկատմամբ վստահության պակասն է։

Ինչ վերաբերում է հյուրանոցային ծանրաբեռնվածությանը, ապա, ըստ Ալավերդաշվիլիի, անցյալ տարի ամենամեծ պահանջարկը եղել է բրենդային 5 աստղանի հյուրանոցների համար։ Ըստ Ալավերդաշվիլիի՝ մարդիկ այս տեսակի հյուրանոցներում իրենց ավելի պաշտպանված են զգում:

Ալավերդաշվիլիի խոսքով, ներքին զբոսաշրջությունը հատկապես անցյալ տարի աճել է, և մարզերի հյուրանոցների 70%-ը կախված է վրացի հաճախորդներից։

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա, ըստ «Հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի» հիմնադիրի, հաջորդ ամիս Թբիլիսիում, մարզերում, ոլորտը 30-35 տոկոս բեռ է ակնկալում, լեռնային հանգստավայրերում՝ 55-60 տոկոս։