Ինքնասպանություն՝ հարցաքննությունից հետո․ Նոր մանրամասներ

15-ամյա Լուկա Սիրաձեի հարցաքննությունը՝ Թբիլիսիի ոստիկանական բաժանմունքներից մեկում տևել է ավելի քան 6 ժամ, և քննիչը սպառնացել է նրա եղբոր համար խնդիրներ ստեղծել եթե Լուկան չընդունի խուլիգանություն անելու փաստը։

Այս մասին պաշտոնական հայտարարություն է արել Վրաստանի պետական քննչական ծառայության ղեկավար Լոնդա Թոլորաիան։

Հարցաքննությունից հետո Սիրաձեն նետվել էր բնակելի շենքի 9-րդ հարկից։ Նա կոմայում մնաց 5 օր ու մահացավ դեկտեմբերի 17-ին։ Անզոր եղան ինչպես վրաց, այնպես էլ Իսրայելից հատուկ Լուկայի համար ժամանած բժիշկները։

Անչափահասի փաստաբանը վստահեցնում է, որ հարցաքննության պահին նրան հոգեբանորեն ճնշել են, ստիպել, որ ընդունի մեղքը, խոստովանի, որ գիշերով հենց ինքն է եղել մասնավոր «Կանաչ դպրոցի» տարածքում ու մի քանի գրառում արել։ Այդ գրառումներից մեկը՝ «Այս կյանքի մերն էլ․․․», այս օրերին դարձել է պայքարի խորհրդանիշ, այս գրառումն է քաղաքի բոլոր հատվածներում, մետրոներում, տարբեր շենքերի պատերին։

Նշված փաստով, ուսումնական հաստատության հաղորդման հիման վրա դեկտեմբերի 10-ին Վրաստանի ՆԳՆ-ն քննություն էր սկսել՝ ՔՕ-ի 187 հոդվածով՝ գույքի վնասում կամ ոչնչացում։ Մինչ ոստիկանություն կանչելը դպրոցի վարչական մասի կողմից նայվել են տեսախցիկների տեսագրությունները՝ կադրում երևացող աշակերտի ինքնությունը, զուգահեռ նաև խմբակային հարցում է իրականացվել աշակերտների շրջանում։ Նշված տեսագրությունները դպրոցը տրամադրել է ոստիկանությանը՝ առանց որևէ հիմքի։ Ոստիկանների ձեռքում են հայտվել նաև անչափահասների անձնական նամակագրությունները։

Այս գործի քննությունը հանձնարարվել էր գլխավոր քննիչ Մարինա Չոլոիանին։ Թոլորաիան ասել է՝ «հենց նույն օրն էլ նա սկսել է քննչական գործողություններ․ Սկսել են։ Սկսվել են վկաների հարցաքննությունները, որոնց թվում նաև անչափահաս Լուկա Սիրաձեն, ում հարցաքննությունն իրականացվել է ծնողների միջոցով»։ Թոլորաիան անդրադարձել է հարցաքննության ընթացքում մի քանի խախտումների։

«Անչափահասի հետ զրույցը ոստիկանական բաժանմունքում 6,5 ժամ է տևել, նաև բաժանմունքում է մնացել գրեթե մինչև կեսգիշեր։ Քանի որ բաժանմունքում անչափահասների համար հատկացված սենյակ չի եղել, հարցաքննությունը տարվել է ընդհանուր տարածքում, որտեղ նաև այլ ոստիկաններ են եղել», — հայտնել է Թոլորաիան՝ նշելով, որ երեխաները ուժեղ էմոցիոնալ սթրեսի են ենթարկվել։ Բացի այդ՝ հաստատվել է նաև ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից սպառնալիքների փաստը։ Մասնավորապես՝ քննիչ Չոլոիանին Լուկային ասել է, որ մեղքը չընդունելու դեպքում, իր եղբայրը, ով սովորում է զինվորական ակադեմիայում, որոշ խնդիրներ կունենա։ Դեկտեմբերի 17-ին քննիչը կանչվել է հարցաքննության, հենց այդ ժամանակ էլ  նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Նա մեղադրվում է ցուցմունք կորզելու մեջ։ Չի բացառվում, որ գործով մեղադրյալների թիվը կարող է ավելանալ։

Թոլորաիան ասել է, որ ոստիկանական բաժանմունքի հարցաքննությունից տեսագրություններ կան, չնայած ՆԳՆ-ի աշխատակիցների զրույցը ձայնագրելն օրենքով արգելված է։ Գործի շրջանակներում արդեն 10-յակ անձինք են հարցաքննվել, այդ թվում ոստիկաններ, դպրոցի աշխատակիցներ, անչափահասներ ու նրանց ծնողները։ Ուսումնասիրվել են նաև երեխաների անձնական համակարգիչների ու հեռախոսների տվյալները։ Քննիչները նաև ստուգումներ են անցկացրել «կանաչ դպրոցում»։