Կարծում եմ` ամռան սեզոնին կկարողանանք բացել ցամաքային սահմանները. Թուրնավա

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Մադրիդում անցկացվող Fitur 2021 Զբոսաշրջության ցուցահանդեսի ընթացքում խոսել է երկրի զբոսաշրջության վերականգնման մասին:

«Ես միանգամայն համոզված եմ, որ Վրաստանում զբոսաշրջությունն ավելի արագ կվերականգնվի, քան մենք վատատեսական կանխատեսումներով ի սկզբանե ակնկալում էինք: Կարծում եմ՝ վերականգնումը կլինի ավելի քան 30 տոկոս, կարող է լինել մինչև 50 տոկոս: Իհարկե, շատ բան կախված է համաշխարհային համաճարակից, բայց պատվաստումը սկսվել է, տրամադրությունը շատ լավ է, մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներից բազմաթիվ խմբեր արդեն այցելում են մեր երկիր», — ասել է Թուրնավան

Նախարարի խոսքով՝ Պարսից ծոցի երկրներից, Իսրայելից, Եվրամիությունից ու հարևան երկրներից Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է:

«Մեր հարևանությամբ զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսքին կխթանի ցամաքային սահմանների բացումը, ինչի շուրջ մենք աշխատում ենք, և կարծում եմ, որ կկարողանանք ապահով կերպով բացել ցամաքային սահմանները ամռան սեզոնի համար` շատ լուրջ վերահսկողությամբ, նույն կերպ, ինչպես օդային սահմանները», — նշել է Նաթիա Թուրնավան:

Նախարարի խոսքով՝ վրացական ավիաշուկայում ամեն շաբաթ աճում է թռիչքների հաճախականությունը և երկրների աշխարհագրությունը, ինչպես նաև ավիաընկերությունների թիվը: Նրա խոսքով ՝ առաջիկայում Վրաստանում կսկսի թռիչքներ իրականացնել «Եվրովինգս» եվրոպական ցածրարժեք ավիաընկերությունը, որը նախկինում Վրաստան թռիչքներ չի կատարել: